Բաժիններ՝

Անկարայի տարանցիկ հանգամանքը և Բաքվի փրկօղակը

Ժնև 2-ի երկրորդ փուլի նախապատրաստությանն առընթեր թեժանում է տարածաշրջանում և հատկապես Սիրիայում արմատավորված ծայրահեղ կրոնական խմբավորումների մաքրազտման օրակարգը: Արևմուտքը և այս դեպքում ԱՄՆ-ը թվում է, որ  խորապես մտահոգված են այս խմբավորումների վերահսկողությունից դուրս գալու իրողությունից:

Կրոնական հանգամանքի շահարկումը, նման պատերազմական իրավիճակների ընթացքում, եթե կարճաժամկետ դրվածքով մարտավարական որոշակի առավելություններ  է ապահովում տվյալ կողմին, ապա երկար գծի վրա անպայման բումերանգի ազդեցություն է գործում: Փաստերը այս առումով բազմաթիվ են՝ Աֆղանիստանից  մինչև աշխարհաքաղաքական կենտրոններում արձանագրված շրջադարձային պատահարները:

Իրաքի իշխանությունները, իհարկե, միջազգային ներշնչումներով և համապատասխան օժանդակություններով սահմանային շրջաննները մաքրազտելու գործողություններ են ձեռնարկել: Երևույթները կարող են  դիտարկվել միջազգային հակաահաբեկչական պայքարի ընդհանոր ծրագրերի շրջանակներում:

Ընդհանուր մտահոգությունների չեզոքացման մղումներ կարող է նկատվել նաև սիրիական կողմերի մոտ: Ընդհանուր` ոչ միայն իրաքյան իշխանությունների ձեռնարկած գործողությունների նկատմամբ այլ նույնիսկ ներսիրիական առումով: Այսօր թե՛ կառավարական և թե՛ հակակառավարական (իր դասական իմաստով) կողմերը ծայրահեղ կրոնական զինյալ խմբերից ձերբազատելու խնդիր  են դիմագրավում: Եվ գուցե սա ինքնին ժնեւի մասնակից սիրիական կողմերին քաղաքական ենթագիտակցության մեջ ընդհանուր մղումն է, որ Ժնևը փրկելու ուղիները բաց է պահում երկու հիմնական կողմերի առջեւ:

Ընդհանուր այս մղումը թվում է, որ միայն ներսիրիական հասկացողություն չէ: Ժնևի գլխավոր հովանավորները ևս այս միացյալ մոտեցման անհրաժեշտությունն են ընդգծում անուղղակիորեն: Այս պարունակում է դիտարկվում նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը Սիրիայի նախագահի դիրքերի ամրապնդման կամ ընդհանրապես վարչակարգի անմիջական տապալման պահանջի շեշտադրումների փոփոխության մասին: Անցման կառավարության առաջադրանքի ուրվագծումը փաստորեն ուժերի գոյավիճակի (ստատուս քվոյի) պահպանմանը համազոր միջանկյալ լուծում է, որի ուղղությամբ երկկողմանի մղումը մեծ վտանգի դիմաց պատնեշ ստեղծելու է միտված:

Ծայրահեղական իսլամական զինյալների Սիրիա թափանցման հիմնական ուղիներից  է նկատվում Թուրքիան, որը համաշխարհայնացած այս վտանգի զարգացման տարանցիկ ճանապարհի հանգամանք է ստացել թե՛ զինելու եւ թե՜ ֆինանսավորելու առումով:

Համաշխարհային այս վտանգի ձեւավորման մեջ իր ներդրումը ունի նաեւ Բաքուն, որի քաղաքացիները հարյուրավորներով համալրում են տարատեսակ ծայրահեղական խմբավորումների շարքերը և որոնք տարբեր առիթների հայտարարում են, թե իրենց նպատակն է կռվել ռուսների, հայերի և  իրանցիների դեմ: Ադրբեջանցի զինյալների սպանության երեւույթների բազմացումը վերջին շրջանում ամենայն հավանականությամբ շարժիչ դեր ունեցավ պաշտոնական Բաքվի պաշտոնատարների այն հայտարարության համար, որի համաձայն Բաքուն պատրաստ է միանալու Իրաքի կողմից ձեռնարկված ծայրահեղ կրոնականության դրոշի տակ համախմբված զինյալների չեզոքացման ծրագրերին:

Արևմուտքի կողմից տեսանելի դարձող հակածայրահեղականության դրսեւորումների դիմաց Բաքվի այս փորձը փրկօղակից  կառչելու տպավորություն է թողնում: Չհաշված այն իրականությունը, որ Բաքվի իշխանություններին եւս սպառնում են ծայրահեղ կրոնականները։

Արժե հիշել, որ Անկարան Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստության իր աշխատանքների  ընթացքում ամենաբարձր մակարդակներով հայտարարել էր, որ Թուրքիայի արտաքին դիվանագիտությունը պետք է աշխույժ աշխատի վերականգնելու համար Թուրքիայի վարկն ու հեղինակությունը միջազգային հանրային կարծիքի առաջ: Անմարդկային արարքներով հատկանաշվող ծայրահեղականության արմատավորման համար տարանցիկ երկիր վերածված լինելու հանգամանքը պիտի բավական դժվարացնի Անկարայի առաջադրած վարկի վերականգնման աշխատանքները:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս