Փոխվարչապետի մոտ քննարկվեցին մարզերում բարձրացված` կադաստրի ոլորտին վերաբերող հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի  մոտ այսօր կայացած  խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզային այցելությունների ժամանակ բարձրացված մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին սեփականության իրավունքի գրանցմանը, հողօգտագործմանը, ինչպես նաեւ  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ  գույքի կադաստրի պետական  կոմիտեի որոշ գործառույթների:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ  գույքի կադաստրի պետական  կոմիտեի  նախագահ Երվանդ Զախարյանը, կոմիտեի եւ Տարածքային կառավարման նախարարության պաշտոնյաներ:

Մարզերում բարձրացված հիմնական խնդիրներից մեկը վերաբերել է առաջին պետական գրանցման համար հողատարածքների չափագրման պահանջին եւ գործընթացի իրականացմանը: Արձանագրվեց, որ առաջին պետական գրանցումը կատարվում է անվճար, եւ չկան ժամկետային սահմանափակումներ, սակայն մարզերում դժվարություններ են առաջացել չափագրումների իրականացման հետ կապված:

Այս համատեքստում անդրադարձ եղավ Անշարժ  գույքի կադաստրի պետական  կոմիտեի «Գեոդեզիա եւ չափագրություն» ՊՈԱԿ-ի  եւ լիցենզավորված  չափագրողների  կողմից  համայնքներում չափագրումների իրականացման գնացուցակին: Փոխվարչապետն առաջարկեց քննարկել առավել մատչելի ծառայությունների մատուցման հնարավորությունը:

Ա. Գեւորգյանը դրական համարեց Անշարժ  գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից  մարզպետարանների եւ համայնքապետարանների համապատասխան մասնագետների որակավորման գործընթացի իրականացումը: Փոխվարչապետի խոսքով` տեղերում չափագրող մասնագետների առկայությունը ֆինանսական դժվարություններ ունեցող  քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում այդ ծառայությունը: Առաջարկվեց մեկ անգամ եւս մարզերում ներկայացնել որակավորում ստանալու համար անհրաժեշտ ընթացակարգերը:

Խորհրդակցության օրակարգում էին նաեւ համայնքներում գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի մշակման հետ կապված հարցերը: Հողերի չօգտագործման  պատճառներից մեկը մարզերում համարում են կարճաժամկետ  վարձակալության տրամադրման պետական գրանցման ընթացակարգը եւ նախատեսված վճարումները:

Փոխվարչապետը կարեւորեց կարճաժամկետ վարձակալության դեպքում ընթացակարգերի պարզեցումը, ինչպես արվել էր արոտավայրերի վարձակալության պարագայում: Առաջարկվեց, որ Արդարադատության նախարարության եւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչները քննարկեն հարցը եւ գործընթացի պարզեցման հնարավորությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնեն: Փոխվարչապետն առաջարկեց առաջին հերթին դիտարկել սահմանամերձ համայնքներում գործընթացի դյուրացման հնարավորությունը:

Անդրադարձ եղավ նաեւ հողամասից կամովին հրաժարվելու դեպքում համայնքային սեփականության իրավունքները ձեւակերպելու հետ կապված հարցերին: Պատասխանատուներին հանձնարարվեց ուսումնասիրել խնդիրը, գույքագրել սեփականություն չհամարվող հողատարածքները եւ հարցի կարգավորման համար լուծումներ առաջարկել:

Քննարկվեցին նաեւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեոդեզիայի եւ հողային  պետական  տեսչության  կողմից  մարզպետարաններում եւ  համայնքներում իրականացվող տեսչական ստուգումների հետ կապված հարցեր: Կարեւորվեց շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ ստուգումների արդյունքների քննարկումը, ինչպես նաեւ ստուգումների իրականացման միասնական հարցաթերթիկի մշակումը:

Անդրադարձ եղավ անշարժ գույքի օտարման ժամանակ պետական գրանցում իրականացնելիս հողի հարկի եւ գույքահարկի պարտավորությունների վերաբերյալ զրոյական տեղեկանքի պահանջի ներկայացման հնարավորությանը: Այն կարեւորվեց համայնքներում հարկային վարչարարության արդյունավետության տեսանկյունից: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այս ոլորտում կուսումնասիրվի նաեւ միջազգային փորձը եւ լրացուցիչ առաջարկություններ կներկայացվեն:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս