Ըստ դատապարտյալի հաղորդման` քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անցել են պաշտոնեական լիազորությունները
ՀՀ Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դատապարտյալը 2013թ. դեկտեմբերի 10-ին հաղորդում է տվել այն մասին, որ 2007-2008թթ. ընկած ժամանակահատվածում աշխատելով «Հրազդան» քրեակատարողական հիմնարկին կից գործող հացի գործարանում, գիշերային ժամերին ՔԿՀ-ի տարածքից բացակայելու նպատակով` իր նկատմամբ հսկողություն իրականացնող ՔԿՀ-ի հերթափոխի պետերին յուրաքանչյուր բացակայության համար տվել է գումար:
Նշված հաղորդման հիման վրա նախապատրաստվել են նյութեր և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Այնուհետև դատապարտյալը դիմում է հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով իր կողմից նախկինում գրված դիմումին ընթացք չտալ` պատճառաբանելով, որ այն գրել է հոգեկան անկայուն վիճակում:
Դրանից հետո դատապարտյալը ցուցմունք է տվել այն մասին, որ իր կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը իրականում գրել է ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ աշխատակիցների և իրեն անծանոթ դիմակավորված մի խումբ անձանց սպառնալիքների ու իր նկատմամբ գործադրված բռնությունների արդյունքում` նրանց թելադրանքով:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն