Յանուկովիչը Կլիչկոյի հետ կբանավիճի միայն հեռուստաեթերում
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ ընդդիմադիր ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի միջեւ հնարավոր բանավեճերը կապված են ընդդիմադիր գործչի` դրանք հեռուստաեթերում անցկացնելու ցանկությունից: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից:
«Եթե Կլիչկոն համաձայնի բանավեճն անցկացնել հեռուստաեթերում, ոչ թե Մայդանում, այդ դեպքում հնարավոր կլինի խոսել այդ բանավեճի անցկացման ձեւաչափի եւ ժամկետների մասին: Առայժմ պատասխան չունենք` ցանկանում է Կլիչկոն հեռուստաբանավեճի մասնակցել, թե ոչ»,-հայտնել են Յանուկովիչի մամուլի ծառայությունից:
Կլիչկոն Facebook-ի իր էջում գրել է, որ հեռուստաբանավեճի կհամաձայնի միայն մեկ դեպքում, եթե Յանուկովիչն ընդունի իր պատասխանատվությունն ու հրաժարական տա: «Նախագահական արշավի շրջանակում ես պատրաստ եմ ցանկացած պահի հանդիպել Յանուկովիչի հետ բանավեճում»,-գրել է Կլիչկոն, հաղորդում է «Ռոսբալտ» գործակալությունը: