
Հասմիկ Պողոսյանը պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված պարզաբանումներ է տվել

Այսօր, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի հետ: Հանդիպման ընթացքում Ա. Պողոսյանը խոսել է ՀՀ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված մի շարք հարցերի շուրջ և տվել պարզաբանումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Ըստ հաղորդագրության՝ այնուհետև, նախարարի տեղակալը մեկ անգամ ևս հաստատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի՝ ս. թ. հունվարի 1-ից աշխատավարձերի 20%-ով բարձրացման որոշումը և նշել, որ թատրոնի ֆինանսատնտեսական բաժնի կողմից կատարվող վերահաշվարկի ավարտից հետո ստեղծագործական կազմը կստանա ավելացված աշխատավարձը: Միևնույն ժամանակ, Ա. Պողոսյանը տեղեկացրել է, որ ս. թ. հուլիսի 1-ից «Հայաստանի Հանրապետության 2014 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն նախատեսվում է մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացում:
Ա. Պողոսյանը հայտնել է նաև, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական և այլ ծրագրերի այլընտրանքային ֆինանսավորման հարցը կքննարկվի լրացուցիչ:
Նախարարությունից հայտնում են, որ վերոնշյալ հարցերի վերաբերյալ թատրոնի տնօրինությունը ժամանակին և պատշաճ կերպով իրազեկվել է: