Արտակ Զաքարյան. Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը

ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարաբերությունների, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստում.

«Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպառլամենտի մեր գործընկերներին մեր հանդիպումը պատշաճ կերպով կազմակերպելու և կառուցողական աշխատանքային մթնոլորտի ապահովման համար: Ողջունում եմ ներկայացված զեկույցի նախագծի հեղինակներին` պարոն Դոլիձեին և պարոն Պրոտասևիչին  հետաքրքիր ու օգտակար զեկույցի նախագիծ պատրաստելու համար:

Գործընկերային խորը և ընդլայնված հարաբերությունները ԵՄ-ի և Արևելյան գործընկերության անդամ-պետությունների հետ եղել և մնում են ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր վեկտորներից մեկը:  Եվրոպական երկրների հետ քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության և մշակութային կապերի ամրապնդումը շարունակելու է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունների շարքում: Նոյեմբերի 29-ին ՀՀ Նախագահի մասնակցությամբ Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության երրորդ գագաթաժողովի շրջանակներում երկուստեք վերահաստատվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում Հայաստան-ԵՄ համապարփակ համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու հանձնառությունը: Այդ կապակցությամբ ընդունվել է Հայաստան – Եվրոպական Միություն համատեղ հայտարարությունը, և ՀՀ ԱԳ նախարարի ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի միջև նամակներ են փոխանակվել, որոնք ուրվագծում են ապագային միտված Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության օրակարգը։

Հայաստանի և Եվրոպական Միության ակտիվ համագործակցությունը, այսուհետ ևս ուղղված է լինելու ժողովրդավարական հաստատությունների և դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության գործընկերության շարունակական իրականացմանը և ոլորտային համագործակցության ընդլայնմանը:

Անդրադառնալով Հայաստանի սուվերեն որոշմանը անդամագրվելու Մաքսային միությանը, նշեմ, որ քաղաքական այս որոշումն ավելի շատ պայմանավորվում են ազգային պետական մի շարք կենսական նշանակություն ունեցող շահերով:

Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը և մենք միշտ այս մասին բաց ու անկեղծ խոսել ենք Եվրոնեսթի ԽՎ բոլոր հանդիպումների ժամանակ տեղի ունեցած քննարկումներում: Իսկ Մաքսային միությանը մեր անդամակցելու հանգամանքը որևէ կերպ չի կարող ազդեցության ունենալ Եվրոպայի հետ մեր հանձնառություններն իրականացնելու ճանապարհին:

Մենք դեմ ենք բաժանարար գծերի քաղաքականությանը, ուստի գտնում ենք որ Արևելյան գործընկերությունը պետք է բնական կամուրջ դառնա` տարածելով տնտեսական ինտեգրումը Ատլանտյանից մինչև Խաղաղ Օվկիանոս: Մենք շարունակում ենք հանձնառու լինել Արևելյան գործընկերության շրջանակում մեր պարտավորություններին:

Հավատում ենք, որ 2014 թվականը կնախանշի Արևելյան գործընկերության նոր փուլի սկիզբ՝ ավելի արդյունավետ քաղաքական գործընկերության զարգացմամբ:

Շնորհակալություն, ուշադրության համար»:

Տեսանյութեր

Լրահոս