
Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ–ում Թաիլանդի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թայլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իթթի Դիթբանյոնգը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Դիթբանյոնգն իր փորձն ու կարողությունները կներդնի Հայաստանի և Թայլանդի միջև հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Թայլանդի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժ կա և այդ տեսանկյունից կարևորել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, տնտեսական կապերի ակտիվացումը, միջխորհրդարանական, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում փոխշահավետ համագործակցությունը: Նախագահը և Թայլանդի դեսպանը հայ-թայլանդական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և փորձի փոխանակման տեսանկյունից հեռանկարային են համարել հատկապես ոսկերչության, գյուղատնտեսության, մշակույթի, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներ:
Դեսպան Իթթի Դիթբանյոնգը վստահեցրել է, որ պաշտոնավարման տարիներին կանի ամեն հնարավորը միջպետական կապերն առավել սերտացնելու և երկու ժողովուրդների՝ դարերի պատմություն ունեցող բարեկամությունն ամրապնդելու համար:
ՀՀ Նախագահի աշխատակազմ