Դժվարանում ենք հասկանալ, թե մեզ տարատեսակ պահանջներ ներկայացնող գերուժերի ուզածն ինչ է

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հիմնականում ինքներս էլ ենք հաճախ դժվարանում հասկանալ, թե մեզ տարատեսակ պահանջներ ներկայացնող գերուժերի ուզածն ինչ է: Ռուսաստանը փորձում է մեզ համոզել, որ եվրոպականացումը կնշանակի բարքերի անկում ու դարավոր ավանդույթների, ազգային ինքնության ոչնչացում: Արևմուտքն էլ ասում է` Ռուսաստանը եղել ու մնում է ժողովուրդների բանտ, անազատություն սփռող վայրագ կայսրություն, որը քաղաքակրթվելու, եվրոպականալու և իրավական դառնալու նվազագույն ցանկությունն անգամ չի դրսևորում: Այս մոտեցումները կարելի է հակիրճ բանաձևել.
Ռուսաստանն ասում է, որ կընդունի քեզ այնպիսին, ինչպիսին կաս՝ հետամնաց, թերզարգացած, գող, այլադավան, այլախոհ, կաշառակեր, ցանկացած ազգային պատկանելությամբ, միայն թե պարտավորվես ենթարկվել իր գերակա շահի թելադրանքին ու հավերժ հավատարմության խոստում տաս: Ռուսաստանը քեզ որակապես փոխելու նպատակ չի դնում:
Եվրամիությունն ասում է՝ դու պետք է փոխվես, նմանվես մեզ քո մտածելակերպով, կիսես մեր արժեքներն ու պատկերացումները և, այդ դեպքում, չի բացառվում, որ մեր հոգևոր նմանությունը քեզ համար կբացի մեր տան դռներն ու դու կդառնաս մեր ընտանիքի անդամներից մեկը: Քո փոխվելն ու մեր օրենքին ենթարկվելը նախապայման է մեզանից մեկը դառնալու համար: Այդ նախապայմանը կատարելու դեպքում մեր ընտանիքի անդամը դառնալդ չի բացառվում, սակայն նաև չի երաշխավորվում:
Կա նաև ԱՄՆ-ի մոտեցումը: Այն վերեվրոպական է և հնչում է այսպես՝ այն ինչ ասում է քեզ ԵՄ-ն քո համար լավագույնն է, բայց այն, ինչ լավ է քեզ համար, մեզ համար լավ է միայն մասնակիորեն:
Կա նաև բրիտանական մոտեցումը: Այն վերազգային-արտաեվրոպական է ու հնչում է այսպես՝ որևէ մեկի խոսքը մեզ համար բացարձակ արժեք չէ՝ մենք ապրում ենք մեր օրենքով, իսկ դուք, լավ կանեք, որ ապրեք մեր կողմից տված օրենքով:
Շատերի պես, մենք մեր օրենքը չունենք»:

Տեսանյութեր

Լրահոս