
Կա՞ արդյոք կապ հերոինի և Թևոսիկի եղբոր սպանության միջև. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի (Կայարանցի Թևոսիկի) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո իրավապահ համակարգում և քրեական աշխարհում լուրեր սկսեցին շրջանառվել, որ այդ սպանությունն ինչ-որ կերպ կապ ունի Մեղրիի մաքսակետում մոտ մեկ տոննա հերոինի հայտնաբերման և առգրավման հետ: Հերոինը հայտնաբերվել էր այս տարվա հունվարի 17-ին, իսկ սպանությունը տեղի էր ունեցել դրանից 10 օր անց՝ հունվարի 27-ին։ Թե որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը, «ՀԺ»-ն փորձել է պարզել ոստիկանությունից։ «ՀԺ»-իր գրավոր հարցմանը, թե արդյոք այդ սպանությունը որևէ կապ ունի հունվարի 17-ին հերոինի խոշոր խմբաքանակի հայտնաբերման հետ, ոստիկանությունը տվել է մի պատասխան, որով, ըստ էության, չի հերքել նման կապի հնարավորությունը։ Ոստիկանության՝ «ՀԺ«-ին ուղարկված գրավոր պատասխանը ներկայացնում ենք տառացիորեն. «Արթուր Սաֆարյանի սպանության փաստով ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Իսկ, հունվարի 17-ին առանձնապես խոշոր չափերի «հերոին» տեսակի թմրանյութի հայտնաբերման փաստով քրեական գործ է հարուցվել ԱԱԾ քննչական վարչությունում։ Սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,– նշված է պատասխանում։Ակնհայտ է, որ ոստիկանությունը խուսափել է պնդել հերոինի և սպանության միջև կապ չլինելու մասին»,-գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը։