Հերթեր՝ ՌԴ հյուպատոսարանի դիմաց. ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Շիրակի մարզից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող մի խումբ քաղաքացիներ այս օրերին կանգնել են լուրջ խնդրի առաջ, հատկապես նրանք, ովքեր հունվար ամսին են վերադարձել հայրենիք: Օրերս տեղեկացել են, որ ՌԴ մեկնել չեն կարող, քանի որ նրանք այս պահին համարվում են ՌԴ-ից արտաքսված:
«Ոչ տույժ ունեմ, ոչ բան, փաստաթղթերս էլ սաղ նորմալ է, բայց դեպորտ են արել, ի՞նչ պատճառով: Գնացի տոմս գնելու, ասին՝ քեզ չի թույլատրվում տոմս վերցնել: Բայց նորմալ թռել, եկել եմ Հայաստան: 15 օր առաջ եմ եկել ու հիմի չեմ կարող գնալ: Եկել ենք հյուպատոսարան, կըսեն՝ գնացեք ձեր ղեկավարներին ասեք, իրենք են ասել, որ թույլ չտանք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է Արամայիս Արամյանը:
Բացի այդ, նա նշել է, թե ամիսներ շարունակ աշխատել է Ռուսաստանում ու հիմա հասանելիք գումարը ստանալ չի կարող, քանի որ արգելել են մուտք գործել ՌԴ տարածք: «20 տարի եղավ՝ գնում-գալիս եմ, շինարարության վրա կաշխատիմ, որ տունս պահեմ: Մի քանի ամիս աշխատել եմ, փողերս չէի ստացել, եկել եմ Հայաստան: Հմի զանգել են, կըսեն՝ արի փողդ ստացի, չեն թողնա գնամ, կըսեն՝ դեպորտ է արած, ասում եմ՝ փողն ուղարկեք գա, ասում են՝ քո ստորագրությունն է պետք, այ քեզ բան: Անօրինական որեւէ բան չկա իմ փաստաթղթերում: Ինչի՞ համար են էդպես արել, որեւէ բան ինձ հայտնի չէ»,- ասել է նա:
Նույն խնդրի առաջ կանգնել է նաեւ Հովհաննես Համբարյանը: Ընտանիքն այս պահին ՌԴ-ում է, սակայն ինքը չի կարող մեկնել: Նշում է, թե ստեղծվել է անորոշ մի վիճակ, ու չի կողմնորոշվում՝ ինչ անել՝ ընտանիքի անդամների՞ն կանչել Հայաստան, թե՞ սպասել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: