Հրաձգության մրցություններ Աթենքում՝ ՀՀ Բանակի և ԱՍԱԼԱ-ի հիմնադրման տնոական առիթներով
Փետրվարի 7-ին, «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ և «Զևս» հրաձգության ակումբի համագործակցությամբ տեղի ունեցավ հայ հրաձիգների մրցումներ, նվիրված` ՀՀ հաղթական բանակի հիմնադրման 22-ամյակի և Նորագույն ազատագրական պայքարի ռահվիրա` Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ) ծննդյան 39-ամյակի զույգ տոներին:
Հունաստանի հրաձգության ազգային ֆեդերացիայի հրաձգարանում տեղի ունեցած մրցումները կայացան երկու տարիքային խմբերում.
ա. Պատանեկան` օդամղիչ մեծ զենքերով,
բ. Մեծահասակների՝ ատրճանակներով:
Մրցություններին մասնակցում էին 25 մարզիկ-մարզկուհիներ:
Մրցաշարի բացման արարողությանը «Հայաստան» ՀՄ կենտրոնի անունից խոսեց Դավիթ Այվազյանը, ով շնորհավորելով Հայոց բանակի ծննդյան 22-րդ տարեդարձի և Նորագույն ազատագրական պայքարի 39-ամյակի, տոնական, առիթներով, մրցության մասնակիցներին մաղթեց հաղթական տրամադրություն, թե՛ մրցույթի և թե՛ կյանքի ասպարեզներում:
«Զեվս» հրաձգության ակումբի անունից շնորհավորական և երախտագիտության խոսք ասաց Խարիս Ցախակիսը: Նա շնորհավորելով հայկական զույգ տոները, անդրադարձավ հայ և հույն ժողովուրդների հնամյա սերտ բարեկամությանը, օրվա մրցությունը համարեց այդ նույն բարեկամության և համագործակցության լավագույն վկան:
Բացման արարողությունից հետո, սկսվեցին մրցումները: Մրցակիցների ջերմ և ուրախ տրամադրություններին ընկերակցում էր հրաձգարանի թեժ մթնոլորտը: Արձանագրվող արդյունքները հիացմունքի էին արժանանում ոչ միայն մարզասեր ներկա հանրության կողմից, այլև ապշեցրել էր Ֆեդերացիայի պատասխանատուներին և մարզիչներին, նամանավանդ, որ մրցակիցներից շատերը առաջին անգամն էր, որ մասնակցում էին նման մրցումի:
Ավելի քան երկու ժամ պայքարից հետո` պատանեկան խմբում առաջին տեղը զբաղեցրեց Գրիգոր Հովհաննիսյանը, երկրորդը՝ Գասպար Բաբուրյանը և երրորդը` Էլենա Նաջարյանը: Պատանի մարզիկները խրախուսվեցին, արժանանալով «Հայաստան» ՀՄ կենտրոնի և «Զևս» հրաձգության ակումբի կողմից պատվոգրերի և մեդալների:
Մեծերի տարիքային խմբում` մասնակիցները, բաժանվելով երկու խմբի, մրցակցում էին իրար հետ: Թեժ մրցումի արդյունքում առաջնություն շահեց Րաֆֆի Խաչատրյանը՝ վաստակելով ամենաբարձր ցուցանիշը, իսկ Շանթ Այվազյանն ու Զավեն Հարությունյանը զբաղեցրին երկրորդ և երրորդ տեղերը:
Մրցման ավարտին «Հայաստան» ՀՄ կենտրոնի պատասխանատուները իրենց երախտագիտությունը հայտնեցին Հունաստանի հրաձգության ազգային հավաքականի և «Զևս» հրաձգության ակումբի մարզիկ Հայկ Եմենեջյանին, որ նպաստեց մրցման կազմակերպչական աշխատանքին:
Աթենք, «Հայաստան լրատու»