ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը պարտադիր հետպահումներ է անում. ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ չնայած այն բանին, որ ԲՀԿ-ն ի սկզբանե դեմ է արտահայտվել պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամի գոյությանը եւ 5 տոկոսի հետպահումներին եւ առաջիկայում մտադիր է անվստահություն հայտնել ՀՀ վարչապետին եւ պահանջել կառավարության հրաժարականը, այնուամենայնիվ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի ղեկավարությամբ գործող կառույցներում աշխատակիցներից պարտադիր հետպահումներ են արել աշխատավարձերի 5 տոկոսի չափով: Նույնը վերաբերում է նաեւ Գյումրիի քաղաքապետարանին:
Կայքի թղթակցի հարցին, թե ֆոնդերի ընտրություն եղե՞լ է արդյոք և եթե ՍԴ-ն կասեցրել է օրենքը, այս դեպքում ի՞նչ տրամաբանությամբ են հետպահումներ արվում, Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսիստը պատասխանել է.
«Մինչեւ մարտի 28-ը օրենքը քանի որ չի լուծվել,այլ ընդամենը կասեցվել է, կարգադրություն չկա՝ պահել կամ չպահել: Կասեցնել չի նշանակում լուծել օրենքը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է աշխատողներից գումարները հաշվարկել, բայց չփոխանցել, պահել»:
Հարցին, թե ումի՞ց պիտի կարգադրություն լինի՝ պահել կամ չպահել, Լ. Ջիլավյանը պատասխանել է. «Կառավարությունից կամ ավելի վերեւից… հիմա ոչ մի կարգադրություն էլ չունենք, դրա համար էլ պահում ենք: Երբ օրենքը ընդունվեց, իսկ ես համոզված եմ, որ օրենքը կընդունվի, եւ այդ ժամանակ այս կասեցումը կդադարի, եւ համաձայն երկրի Սահմանադրության կետերի՝ մեզ կկարգադրեն պահել ու փոխանցել գումարները: Եվ եթե երեք ամիսը միանգամից հաշվարկենք եւ փոխանցենք, դա շատ ծանր կլինի մեր աշխատողների համար: Առանց այն էլ աշխատավարձերը բարձր չեն եւ միանգամից 15 տոկոսը գանձելը բավականին մեծ թիվ կկազմի: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ եմ համարում հավաքել եւ չփոխանցել որեւէ հիմնադրամի, որովհետեւ ոչ ֆոնդ են ընտրել, ոչ էլ իր երաշխավորին: Կհաշվարկենք եւ չենք փոխանցի»:
Ամբողջությամբ կարող եք կարդակ սկզբնաղբյուր կայքում: