Բաժիններ՝

Տեղեկանք` լուրջ առողջական խնդիրներով ծառայության մեջ գտնվող երիտասարդների գործերի վերաբերյալ

Հայտարարություն

2013 թ. դեկտեմբեր-2014 թ. հունվար ամիսներին հայտարարված զորակոչը ևս ուղեկցվեց առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչման արատավոր գործելակերպով։

Արձանագրվեցին  բազմաթիվ  խախտումներ, մասնավորապես.

  • բժշկական հանձնաժողովներում բուժզննություն անցնող զորակոչիկներին եւ նրանց հարազատներին առավոտից մինչ ուշ երեկո դրսում ցրտին սպասեցրել են,
  • զորակոչվել են քաղաքացիներ, որոնք ունեն լուրջ առողջական խնդիրներ,
  • դեռեւս միայն մի քանի օր ծառայության մեջ գտնվող զինծառայողները եւ նրանց հարազատները ահազանգում են, որ  առողջական խնդիրներ ունեցող զորակոչված զինծառայողներից ոմանք` դեռևս ծառայության չանցած,  տեղափոխվել են հոսպիտալ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հերթական անգամ փաստում եւ արձանագրում է, որ պաշտպանական գերատեսչությունը զորակոչի կազմակերպման և իրականացման ընթացքում համարժեք ուշադրություն չի դարձնում զորակոչիկների առողջական խնդիրներին։ Շարունակվում է ձևական և մակերեսային  մոտեցմամբ բժշկական հետազոտության իրականացման գործելակերպը՝ նպատակ ունենալով ձեւական հիմնավորումներով երիտասարդներին ճանաչել պիտանի զինծառայությանը, ենթարկել զորակոչի եւ այդ կերպ համալրել զինված ուժերը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հերթական անգամ

  • ահազանգում է նման մոտեցման անթույլատրելիության մասին, խստորեն դատապարտում է պաշտպանության գերատեսչության կողմից զորակոչի կազմակերպման և իրականացման նման գործելակերպը,
  • պահանջում է անհապաղ դադարեցնել ձևական, զուտ փաստաթղթային մակարդակում իրականացվող բժշկական հետազոտման իրականացումը,
  • պահանջում է իրականացնել պատշաճ բուժզննություն, եւ անդրադառնալ հատկապես մի քանի հիվանդություններ ունեցող զորակոչիկների՝ զինծառայությանը պիտանի լինելու հարցին եւ տրամադրել տարկետում կամ ազատել զինծառայությունից:

Վերստին պնդում ենք, որ առողջական խնդիրներ ունեցող, թեկուզ սահմանափակումներով ծառայությանը պիտանի ճանաչված յուրաքանչյուր երիտասարդի զորակոչումը հանգեցնում է զինծառայությանը բնորոշ ավելի խիստ պայմաններում զորակոչված երիտասարդի առողջության վատթարացմանը եւ հանդիսանում է անձի  արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք։

Նման պայմաններում անխուսափելի են առողջական խնդիրների հետևանքով կանոնադրական հարաբերությունների խախտման, ընդհուպ մինչև մահացության դեպքերը, որոնցով նույնիսկ քրեական գործերի հարուցումը չի կարող համարվել Հայաստանի Հանրապետության կողմից իր քաղաքացիների առջև մարդու իրավունքների պաշտպանության վերցրած պարտականությունների համարժեք ապահովում։

Հերթական անգամ, հայտարարելով, որ թե՛ զորակոչի, թե՛ զինծառայության ընթացքում, առողջական խնդիրների հետևանքով զինակոչիկների և զինծառայողների իրավունքների խախտման անմիջական պատասխանատվությունը կրում է ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը, պահանջում ենք դադարեցնել արատավոր գործելակերպը։

Կից կարող եք տեսնել տեղեկանքն ամբողջությամբ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
08․02․2014թ.

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս