Արթուր Աղաբեկյանը հավաստագրեր է հանձնել անգլերենի դասընթացների մասնակիցներին
Փետրվարի 7-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հավաստագրեր հանձնեց անգլերեն լեզվի ուսուցման շարունակական դասընթացների մի խումբ մասնակիցների, որոնք արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում են կառավարության աշխատակազմի նախաձեռնությամբ, «ԱՎԻՍ» և «ՍՊԻՔ ԱՊ» անգլերենի ուսուցման կենտրոնների կողմից:
Շնորհավորելով դասընթացների ունկնդիրներին` փոխվարչապետը նշեց, որ օտար լեզվի խոր իմացությունը աշխարհի գործընթացներին` Արցախի ինտեգրման համար կարևոր նախապայման է: Նա հույս հայտնեց, որ դասընթացի մասնակիցները ուսուցումը մինչև վերջին փուլ շարունակելու ցանկություն կունենան, ինչը նրանց կօգնի պետական կառավարման ոլորտում և գործարար աշխարհում միջազգային պայմանագրերի պատրաստման, արտաքին գործընկերների հետ շփումը հեշտացնելու գործերում: Ա. Աղաբեկյանը շնորհակալություն հայտնեց դասընթացները վարողներին, որոնք աջակցել են կառավարության նախաձեռնած ծրագրի իրականացմանը:
Ուսուցման կենտրոնների անունից շնորհավորելով ներկաներին` <ԱՎԻՍ> ընկերության պատասխանատուն շնորհակալական խոսք ուղղեց կառավարության աշխատակազմին և հավաստագրեր ստացողներին` ծրագրին ակտիվ մասնակցելու համար:
Հավաստագրերի հանձմանը ներկա էր կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին