Բաժիններ՝

Հունահայ համայնքը նամակ է հանձնել Շվեյցարիայի դեսպանին` Փերինչեքի հարցով

Երեկ հունահայ համայնքը ներկայացնող պատվիրակությունը` թեմակալ առաջնորդ Խորեն եպիսկոպոս Տողրամաճյան, Հունահայոց ազգային վարչության ատենապետ Արա Մանկոյան, անդամ Ստեփան Փափազյան եւ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Հակոբ Ավագյան կազմով, այցելել է Հունաստանում Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերգին եւ նամակ-խնդրագիր հանձնել նրան հունահայության անունից: Նամակում հունահայ համայնքի ազգային եւ միութենական բոլոր կառույցներն իրենց մտահոգությունն են հայտնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի կապակցությամբ, որով թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքին Ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտած շվեյցարական դատարանի որոշումն անօրինական է համարվում` խոսքի ազատությանը դեմ լինելու պատճառաբանությամբ:

Պատվիրակության անդամները նշել են, որ դատարանը պարտավոր էր բաց քննարկումներ իրականացնել` բոլոր կողմերին լսելի լինելու իրավունք տալով: Բացի այդ` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին նման որոշում կայացնելը ոգեւորություն կառաջացնի մարդկության դեմ իրականացված այդ ոճիրն ուրացողների շրջանում:

Դեսպանը հայտնել է, որ ինքը տեղյակ է հարցի էությանը եւ խոստացել է նամակն արագ փոխանցել իր երկրի կառավարությանը, նաեւ նշել է, որ լավ է ճանաչում Հայաստանը եւ հայերին, քանի որ եղել է Հայաստանում եւ Վրաստանում Շվեյցարիայի դեսպանը:

Դեսպանը հետաքրքրվել է նաեւ Սիրիայի հայկական գաղութի ներկայիս վիճակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս