
Վճռաբեկ դատարանը վերադարձրել է մանկաբարձ-գինեկոլոգի բողոքը

Վճռաբեկ դատարանը վերադարձրել է մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքը: Փաստաբանը դատարանին խնդրել էր կարճել Վ. Մարդանյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը: Datalex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ Արա Զաքարյանի բողոքը ետ է վերադարձվել:
Վարուժան Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Երևան քաղաքի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ Վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական կենտրոն ընդունելով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Վարուժան Մարդանյանը դատապարտվել էր 2 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանի վճռով՝ ամբաստանյալ Վարուժան Մարդանյանը 3 տարով զրկվել էր բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
Գործով դատախազը վերաքննիչ քրեական դատարան էր բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը՝ խնդրելով Վարուժան Մարդանյանի նկատմամբ կիրառել Ազգային ժողովի կողմից հայտարարված համաներումը: Վ. Մարդանյանի պաշտպան Արա Զաքարյանն էլ Վերաքննիչ քրեական դատարանից խնդրել էր քրեական գործը կարճել համաներման հիմքով:
Վերաքննիչ քրեական դատարանը բողոքները բավարարել էր մասնակիորեն. Վ. Մարդանյանն ազատվել էր պատժի կրումից: Վ. Մարդանյանի պաշտպանն այդ որոշման դեմ բողոք էր ներկայացրել վճռաբեկ դատարան: