
ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է դեսպան Կասպշիկին

Փետրվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցերը:
Կարեն Միրզոյանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների վրա, նշելով, որ դրանք վկայում են պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին։
Նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմի սադրանքները լուրջ վնաս են հասցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և պետք է արժանանան վճռական դատապարտման միջազգային հանրության կողմից։
Երկուստեք կարևորվել է շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման և միջադեպերի բացառելու անհրաժեշտությունը։