Գլխավոր դատախազն այսուհետ ԱԺ-ում հաշվետվություն կտա ապրիլի 1-ին

ԱԺ-ում այսօր քննարկման դրվեց ՀՀ ԱԺ Կանոնակարգ-օրենքում լրացում կատարելու մասին և դատախազության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին և «Դատախազության մասին» օրենքի նախագիծը: ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով նաև նախագծի հարակից զեկուցողն է, ի պատասխան այն հարցի, թե ինչո՞ւ է Գլխավոր դատախազի կողմից ԱԺ-ում հաշվետու հաղորդումը նախատեսվում ապրիլի 1-ին, ոչ թե փետրվարի 1-ին, նշեց, որ, ըստ էության, դատախազությունն այս հարցը բարձրացրել էր, հայտարարել, որ իրենց մոտ աշխատանքների ամփոփում կատարվում է հունվարին, և ամբողջությամբ ամփոփելու համար պետք է ժամանակ: Ժամանակ է պետք նաև, որ Գլխավոր դատախազին ավելի համապարփակ կերպով  հաղորդումը ներկայացնելու համար: Հրայր Թովմասյանի խոսքով՝ լրամշակված նախագիծը ոչ բոլոր հարցերին է անդրադարձել, ուստի այս առումով բաց կա: Նախարարը նշեց, թե պետք է այդ հարաբերությունները կարգավորվեն առաջինից՝ երկրորդ ընթերցման ժամանակ, պետք է սահմանվի մինչև մեկ ժամ՝ որոշակի ժամկետ Գլխավոր դատախազի կողմից այդ հաղորդումը ներկայացնելու համար, ինչից հետո պետք է լինեն հարցեր, պատասխաններ և ելույթներ: Նա հայտնեց, որ կառավարությունը սկզբնական տարբերակի վերաբերյալ երկու առարկություն ուներ, իսկ ԱԺ ներկայացված տարբերակում այդ հարցերը լուծված են:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ նշեց, որ խորհրդարանական հանձնաժողովի «մի քանի ժամ տևած ծանր-ծավալուն» նիստում, արդարադատության նախարարի տեղակալը բերել էր մի հիմնական փաստարկ՝ ներկայացնելով բացասական եզրակացություն՝ ի հեճուկս նախարարի այժմյան դիրքորոշման: Ուրիխանյանի փոխանցմամբ՝ փոխնախարարի հիմնավորումը եղել է այն, որ դատախազությունը քաղաքական մարմին չէ, հետևաբար ոչ միայն պարտավոր չէ, այլև տրամաբանական չէ, որ այն հանդես գա ԱԺ-ում հաշվետվությամբ, ներկայացնի հաղորդում:

«Համեմատականներ եղան ՄԻՊ, ՏՄՊՊՀ հետ, և ուզում եմ հասկանալ՝ ի՞նչը փոխվեց, ի՞նչը ազդեց Կառավարության դիրքորոշման փոփոխության վրա: Ընթացակարգը ասում եք, բայց դրա մասին չէր խոսքը, քննարկման ձևաչափի մասին չէր, հիմնավորումն այն էր, որ դատախազությունը քաղաքական մարմին չէ, հետևաբար այս գործառույթը տրամաբանական չէ: Ուրեմն ի՞նչը փոխվեց այդ իմաստով, որովհետև մեզ համար շատ կարևոր էր այդ հրապարակայնությունը և անմիջական կապը՝ դատախազի ԱԺ հետ, քանի որ նա նշանակվում է ԱԺ ընտրությամբ»,- հետարքրքվեց ԲՀԿ-ական պատգամավորը: Հրայր Թովմասյանն էլ պատասխանեց, թե կառավարության եզրակացությունն ինքն է ներկայացրել, և հստակ երկու հարցադրում բարձրացրել՝ տպագրության և հարակից զեկուցման հետ կապված: Նախարարը ներողություն խնդրեց, որ հարցը նման կերպ է ընկալվել, վերահաստատեց, որ իրենք կողմ են՝ հաշվետվությունը պետք է հրապարակայնորեն ներկայացվի, դատախազը պետք է պատասխանի պատգամավորներին հուզող հարցերին:

Նախարարի պատասխանն էլ գոհացրեց ԲՀԿ-ական պատգամավորին, որովհետև Ուրիխանյանը հայտարարեց. «Շնորհակալ եմ, թերևս առաջին անգամ ես Ձեզանից ստացա շատ սպառիչ, ամփոփիչ, գոհացուցիչ պատասխան, որովհետև գիտեք՝ մեզ մեղադրում էին օդ տատանելու մեջ»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ տեղից համերաշխության խրախուսմամբ հանդես եկավ: Նա հորդորեց աշխատել միասին՝ նշելով. «Տեսնու՞մ եք՝ համերաշխությունն ինչքան լավ բան է, հանդուրժողականությունը: Թեպետ հավեր լինում են, չէ՞, որ ցանկանում են երկաթե ձու ածել, ոչինչ, ըմբռնումով մոտեցեք»:

Տեսանյութեր

Լրահոս