Հայոց լեզվի դասեր՝ խորհրդարանում
ԱԺ ՀԱԿ խմակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, թե ինքը միշտ պայքարելու է այն կառույցների դեմ, որոնք ոտնահարելու են պետականությունն ու անկախությունը: «Ես միշտ կռիվ եմ տալու ու պայքարելու եմ այն երևույթների ու կառույցների դեմ, ովքեր իմ ելույթի անկախության նկատմամբ ոտնձգություն են անելու, ոտնահարելու են պետականությունն ու անկախությունը՝ անկախ անձից ու կառույցից, ու այդ առումով ես օպոզիցիա չեմ, իշխանություն եմ ու տեր եմ այդ արժեքներին»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:
Քանի որ իշխող մեծամասնության պատգամավորները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբետ Նազարյանին դիմում էին հայրանունով, Արամ Մանուկյանն ասաց. «Խնդրում եմ այս դահլիճում հայրանունները ռուսականներով չօգտագործել, ոչ թե «Ռոբերտ Նիկոլայի», այլ «պարոն Նազարյան», մեր լեզուն պահպանենք այստեղ, ոչ թե «նախագահն», այլ «նախագահը», ոչ թե «վերաբերվում է», այլ «վերաբերում է», ոչ թե «գույքերը», այլ «գույքը», ոչ թե «հրավերքները», այլ «հրավերը»: Սա է անկախության արժեքը, մանավանդ որ դեռ չենք մտել Մաքսային»:
Երբ իր ելույթում Արամ Մանուկյանը օգտագործեց «կուկլա» բառը, ԱԺ Հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց, թե Մանուկյանը հակասում է ինքն իրեն: Արամ Մանուկյանն էլ արձագանքեց, թե քանի որ չակերտների մեջ է օգտագործում, կարող է անգլերենով էլ բառեր ասել: Նա նաև հայտարարեց, թե լեզվի առումով իր հետ Շարմազանովը չի կարող մրցել: