Վարչապետի հրաժարականը պահանջողներին խորհուրդ է տրվում սառը ջուր խմել. Շարմազանով
Փետրվարի 5-ի երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Նիստում հիմնականում քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր, ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ նիստն այս անգամ տեւել է շուրջ երեք ժամ: Է. Շարմազանովն ասել է, որ քննարկվել են նաեւ կուսակցության այս տարվա համագումարի հետ կապված ծրագրային հարցեր: ՀՀԿ մամլո խոսնակը հայտնել է, որ կուսակցության հերթական համագումարը տեղի կունենա մայիսին:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե նիստում անդրադարձե՞լ են արդյոք խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունների այն հայտարարությանը, թե առաջիկայում կառավարությանն անվստահություն են հայտնելու: Այս առումով Է. Շարմազանովն ասել է. «Նախ պետք է նշեմ, որ կառավարության, վարչապետի նշանակման հարցը լուծվում է ընտրությունների միջոցով: Ընտրությունները տեղի են ունեցել և՛ 2012-ի մայիսին, և՛ 2013 թվականի փետրվարին: Երկու անգամ էլ հաջողության է հասել իշխող քաղաքական ուժը: Եվ իշխող քաղաքական ուժն է նախագահի գլխավորությամբ որոշում կառավարության կազմն ու վարչապետին»:
Կադրային հարցեր եւս, ըստ Է. Շարմազանովի, չեն քննարկվել: Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե կապված օֆշորային սկանդալի եւ մասնավորապես վերջին զարգացումների հետ Տ.Սարգսյանը հրաժարական կներկայացնի, ՀՀԿ մամլո խոսնակը տվեց հետեւյալ պատասխանը. «Նախ՝ պարոն վարչապետը որեւէ կապ չունի այդ շինծու, մտացածին փաստի հետ…»: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե՝ որտեղի՞ց Ձեզ նման վստահեցում, հայտարարեց, թե այդ մասին Տիգրան Սարգսյանն է ասել: Ինչ վերաբերում է հրաժարականին, ապա ըստ Է. Շարմազանովի. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունում երբեք վարչապետի հրաժարականի հարց չի քննարկվել: Եվ բոլոր նրանց, ովքեր որ շատ են շահագրգռված այդ հրաժարականով, պետք է ընդամենը խորհուրդ տամ սթրեսից զերծ մնալու համար սառը ջուր խմել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: