
ՀՀԿ նիստն ուղեկցվում է բողոքի ակցիայով. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ մեկնարկել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Մինչ Սերժ Սարգսյանը կժամաներ, կուսակցության կենտրոնական գրասենյակ հերթով ժամանեցին ՀՀԿ անդամները, առանձին- առանձին եկան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նշենք, որ ՀՀԿ նիստն ուղեկցվում է բողոքի ակցիայով: Մայրաքաղաքի Բուզանդ թաղամասի բնակիչները, հավաքվելով ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց, պահանջում էին հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Բնակիչներն ապա հավաքվեցին կառավարության շենքի հետնամասում՝ այնտեղ սպասելով Տիգրան Սարգսյանին: Շուտով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս եկավ Տ. Սարգսյանը: Բողոքի ակցիայի մասնակիցները, մոտենալով նրան, խնդրեցին լսել եւ ընթացք տալ իրենց խնդրին: Ի պատասխան՝ Տ. Սարգսյանը նշեց. «Առավոտյան զանգեք Գաբրիելյանին»:
Բնակիչները նշեցին, որ ցանկանում են անձամբ խոսել իր հետ եւ միջնորդների կարիք չունեն: «Վաղը առավոտյան կառավարության…»,- ասաց Տիգրան Սարգսյանը: «Մենակ չխաբեք»,- ի պատասխան վարչապետի՝ նշեցին բնակիչները: Տիգրան Սարգսյանը կարծես թե զարմացավ ու նշեց. «Եղել ա՞, որ մենք ձեզ խաբենք…»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: