Բաժիններ՝

ՀՔԱ-ն պայքարում է Զարուհի Փոստանջյանին՝ «խարույկի վրա այրելու» մասին սպառնալիքների գործով քրեական գործի հարուցման համար

Այսօր` 2013 թ. փետրվարի 5-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ. Մակյանի, քննության առնվեց ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերի քննիչ Մ.Ա.Բաբայանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի ներկայացրած դիմումը:

Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայոց արծիվներ» ՀԿ-ի ղեկավար Խաչիկ Ասրյանի կողմից, «Yerkir.am»-ում տրված հարցազրույցի ժամանակ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրա հարազատների հասցեին հնչեցվել էին բռնության սպառնալիքներ: Այս առիթով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ ՀՔԾ էր ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, սակայն հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերի քննիչ Մ.Ա.Բաբայանը մերժել էր քրեական գործ հարուցել՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Այս գործով կայացած դատական նիստն անցկացվեց պատասխանող ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերի քննիչ Մ.Ա.Բաբայանի բացակայությամբ, քանի որ վերջինս նախապես ներկայացված դիմումով խնդրել էր դիմումը քննել իր բացակայությամբ՝ որպես պատճառաբանություն նշելով այլ դատավարական գործողություններով ծանրաբեռնվածությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը ներկայացրեց իր պահանջը, այն է` վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և գործն ուղարկել նախաքննության՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի կատարվել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, նույնիսկ՝ բացատրություններ չեն վերցվել Զարուհի Փորսանջյանից և նրա հասցեին սպառնալիքներ հնչեցրած Խաչիկ Ասրյանից:

Այսքանով հետաձգվեց դատական նիստը, դիմումատուին հնարավորություն ընձեռելով ծանոթանալ նախաքննության նյութերին և ՀՀ ՀՔԾ հատկապես կարևորագույն գործերի քննիչ Մ.Ա.Բաբայանի դատարան ներկայացրած առարկությանը:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2014 թվականի մարտի 4-ին, ժամը 11:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս