Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է հետևողական լինել իրենց օրենքից վեր դասողներին օրինականության դաշտ բերելու ուղղությամբ (տեսանյութ)

Փետրվարի 5-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում:

ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ հիմնականում դրական գնահատելով ոստիկանության վարչության ու ենթակա բաժինների աշխատանքը և անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտը՝ ոստիկանության պետը նշել է, որ անհրաժեշտ է նկատի ունենալ նաև մարզի քրեածին վիճակի  առանձնահատկությունները՝ պայմանավորված մայրաքաղաքին մոտ լինելու հանգամանքով:

Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներից պահանջել է աշխատանքում պրոֆեսիոնալիզմը զուգորդել անվերապահ սկզբունքայնությանը, անաչառությանն ու պատասխանատվությանը, քանի որ ոստիկանության գործունեության մեջ հաջողություն կարելի է ակնկալել միայն այն դեպքում, երբ ամուր է հասարակության հետ կապը, երբ քաղաքացին հավատում է ոստիկանին:

Նա՝ ընդգծելով, որ անձնակազմը գերակշիռ մեծամասնությամբ ընկալել և իրականացնում է առաջադրված խնդիրները՝ անդրադարձել է նաև դեռևս առկա թերություններին, մասնավորապես առանձնացնելով անձնակազմի հետ ոչ բավարար աշխատանքը,  երբ ոստիկանության ղեկավարության ցուցումներն ու պահանջները երբեմն չեն հասնում բոլոր օղակներին, ոստիկանին անհարիր դրսևորումների հանդեպ հանդուրժողականության, ոչ բավարար պրոֆեսիոնալիզմի ու էթիկայի խախտման դեպքերը և այլն:

Վլադիմիր Գասպարյանը հրահանգեց  սկզբունքային ու հետևողական լինել հատկապես ապօրինի զենք-զինամթերքի առգրավման, իրենց օրենքից վեր դասողներին օրինականության դաշտ բերելու, գյուղական համայնքներին օգություն ցուցաբերելու և մի շարք այլ ուղղություններով:

Խորհրդակցության ավարտին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու ենթակա բաժինների մի շարք ծառայողներ արժանացան խրախուսանքների:

Այնուհետև Վլադիմիր Գասպարյանը Կոտայքի մարզի ղեկավարության ու համայնքների ղեկավարների հետ հանդիպում ունեցավ մարզպետարանում, որտեղ ներկայացրեց ոստիկանության մարզային վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Սերոբ Հարությունյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս