Նաիրա Զոհրաբյան. Եթե ՀՀԿ-ն ունենար հարցերի պատասխանները, չէին տորպեդահարի այս օրինագիծը
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համար կանխատեսելի էր, որ ԱԺ իշխող Հանրապետական խմբակությունը գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին իրենց օրինագիծը կմերժի: «Ինձ համար կանխատեսելի էր, իրենք օգտվում են քանակական առավելությունից ու բնական է, որ իրենք պիտի տապալեին նախաձեռնությունը: Եթե իրենք ունենային այն հարցերի պատասխանը, թե որտեղի՞ց գոյացավ 300 մլն դոլար պարտքը, թե ինչո՞ւ է մարժան հսկայական տարբերությամբ, թե ինչո՞ւ մինչև 2043 թվականը կնքվեց մի պայմանագիր, որը պահպանելու է բացարձակապես անընդունելի ստատուս քվո Հայաստանի համար, կարծում եմ՝ իրենք չէին տորպեդահարի, թույլ կտային, որ հանձնաժողովը ստեղծվի: Եթե իրենք իմանային, որ իրենք իրավացի, կստեղծեին հանձնաժողով ու կպաշտպանեին իրենց տեսակետը: Բայց իրենք գիտեն, որ չունեն այդ հարցերի պատասխանները և մնում էր մեկ տարբերակ՝ փախուստ՝ հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկությունից, այն է՝ քվեարկել դեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին, թե ինչո՞վ էին պայմանավորված ՀՀԿ-ական 3 ձեռնպահ ձայները, ԲՀԿ խմբակցության քարտուղարն այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ՝ այդքան լավատես չէի լինի իրենց մասով: Կարծում եմ՝ այդ երեք ձեռնպահը զուտ պատահականություն է եղել»: