Էդվարդ Նալբանդյան. Պետք է կյանքի կոչել շփման գծից դիպուկահարների դուրս բերման նախաձեռնությունը

Փետրվարի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:

Համանախագահները ՀՀ արտգործնախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:

Նախարար Նալբանդյանը կարևորել է ադրբեջանական կողմի շարունակական սադրանքների կանխարգելման անհրաժեշտությունը և նշել է, որ Հայաստանը լիովին կիսում է համանախագահների կարծիքն առ այն, որ Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը խանգարում են բանակցային գործընթացին, նվազեցնում են խաղաղության հասնելու հնարավորությունները:

Այդ համատեքստում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը համակարծիք է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ պետք է լիարժեք իրագործել 1994 թ. մայիսին հաստատված զինադադարի և 1995 թ. փետրվարին զինադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնությունները և կյանքի կոչել շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ նախաձեռնությունները:

Տեսանյութեր

Լրահոս