Տեղի ունեցավ անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը:

Խորհուրդը քննարկեց եւ ի գիտություն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» եւ  «Հայանտառ» ՊՈԱԿ-ների 2013թ. հաշվետվությունները (հաշվետվություններին ամբողջությամբ հնարավոր է ծանոթանալ www.mta.gov.am կայքում), ինչպես նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության  աշխատակազմի բնության հատուկ պահպանվող տարածքներում 2013թ. ընթացքում անտառհատումների եւ անտառվերականգնման վերաբերյալ տեղեկանքը:

Ըստ ներկայացված  հաշվետվությունների` 2013թ. ընթացքում ապօրինի հատված ծառերի  ընդհանուր  քանակը կազմել է  2031` 2012թ. տարվա 1860-ի դիմաց:  2013թ. անտառվերականգնման աշխատանքներ են իրականացվել ընդհանուր առմամբ շուրջ  542 հեկտար տարածքի վրա, որից 448.3 հեկտարը`«Հայանտառ» ՊՈԱԿ-ի  անտառտնտեսություններում,  94 հեկտարը` բնության հատուկ պահպանվող տարածքներում:

Հատուկ քննարկվեց անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը: Նշվեց, որ ձեռնարկված միջոցառումների ընթացքում 2013թ. զգալի նվազել է անտառային հրդեհների թիվը. 20 դեպք` 2012թ. 59 դեպքի դիմաց:  Այդուհանդերձ` կարեւորվեց անտառային հրդեհների դեմ պայքարի առավել արդյունավետ մեխանիզմների մշակման հարցը: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից  առաջարկ հնչեց մի շարք գերատեսչությունների` Բնապահպանության, Գյուղատնտեսության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, մարզպետարանների  կողմից  համակարգված գործողությունների իրականացման վերաբերյալ:  Փոխվարչապետը նույնպես կարեւորեց այդ ուղղությամբ համատեղ ու համակարգված աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ առաջարկեց խորհրդի կազմում ընդգրկել նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներին:

Անտառպահպանության ոլորտում կարեւորվեց նաեւ ԼՂՀ իշխանությունների հետ համագործակցությունը: Փոխվարչապետն  առաջարկեց ԼՂՀ գործընկերների հետ քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս