Ոստիկանը հեռախոսի միջոցով թմրանյութ է փոխադրել «Նուբարաշեն» ՔԿՀ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկանի կողմից ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) բջջային հեռախոսներ և լիցքավորող սարքեր փոխադրելու ժամանակ դրանց միջից հայտնաբերված «Բուպրենորֆին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց հայտնաբերելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հաստատվել է, որ 2013թ-ի հունիսի 12-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկան Տ. Ա.-ն, «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակից Ա. Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի խորտկարաններից մեկի հարևանությամբ գործող մթերային խանութի մոտ, քաղաքացու կողմից իրեն հանձնված երկու բջջային հեռախոսը և մեկ լիցքավորիչ սարքը նույն հիմնարկի կրտսեր մասնագետ Ա.Կ.-ին գաղտնի փոխանցելու համար ստացել է կանխիկ գումար:
Նույն օրը Տ. Ա.-ն, հեռախոսներն ու լիցքավորիչ սարքը հագուստի գրպաններում, մուտք է գործել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, սակայն ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի ընթացքում նրա մոտից հայտնաբերվել են հեռախոսներն ու լիցքավորիչ սարքը: Հայտնաբերված հեռախոսներից մեկի միջից հայտնաբերվել են «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր, իսկ լիցքավորիչից` «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն