Արամ Մանուկյանը՝ ՀՀԿ-ի մասին. Իրենք այնպես են իրար սիրում, որ մեկ մարմին են, մեկ ուղեղ
«Իրենք միշտ քվեարկում են մի հոգով, մի հրահանգով, իրենք այնպես են իրար սիրում, որ մեկ մարմին են, մեկ ուղեղ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորների մեծամասնության դիրքորոշմանը, որոնք դեմ էին քվեարկել ոչ իշխանական չորս խմբակցությունների ներկայացրած՝ գազամատակարարման ոլորտն ուսումնասիրելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը:
Միաժամանակ Արամ Մանուկյանը նկատեց, որ ՀՀԿ-ում եղան նաև «համարձակներ», ովքեր դեմ գնացին ՀՀԿ «միասնականությանը»: «Եղան մարդիկ, որ համարձակություն ունեցան չմասնակցել քվեարկության, ովքեր բացակա էին, եղան մարդիկ, ովքեր չքվեարկեցին, համաձակվեցին չքվեարկել, և եղան ավելի համարձակ մարդիկ, ովքեր ձեռնպահ քվեարկեցին, ըստ այդմ, ըմբոստանալով իրենց դեմ, ուստի հավաքեցին ընդհամենը 58 ձայն»,- նշեց նա:
Արամ Մանուկյանը շեշտեց, որ քվեարկության ժամանակ արձանագրված ձայների հարաբերակցությունն իրենց հույս է ներշնչում և իրենք ամենևին «հեշտ չենք խեղճանում»: Նա կանխատեսեց, որ ոչ վաղ ապագայում Հանրապետական խմբակցությունում կլինեն նաև այլ պատգամավորներ, ովքեր դեմ կգնան իրենց միասնականությանը: «Կգա ժամանակը՝ կտեսնեք, որ ՀՀԿ-ական պատգամավորները դեմ կլինեն իրենց իսկ հրահանգողին, իրենց տերերին: Պատահական չեմ ասում, որովհետև հաճախ զրույցների, հանդիպումների ժամանակ իրենք իրենց սիմպատիան են արտահայտում, իրենց համաձայնությունը, իրենց դժգոհությունը՝ այս իշխանությունների նկատմամբ, մասնավորապես՝ հենց գազի, թոշակների հետ կապված: Մարդիկ պարզ ասում են՝ էս ի՞նչ այլանդակություն է տեղի ունենում երկրում,- նշեց ՀԱԿ պատգամավորը՝ ավելացնելով,- Դա նաև բերել է ՀՀԿ-ի ներսում տարաձայնությունների և, կարծում եմ, որ առաջիկայում այդ ներքին տարաձայությունները, որոնք ռեալ են, կարող են դառնալ բաց տարաձայնություններ:
Եղավ այն, ինչ եղավ: Ապացուցեցին, որ իրենք կամք չունեն, իրենց թելադրում են, իրենց փոխարեն Կառավարությունն է անում: Կառավարությունն էլ երևի մի զանգով ասել է՝ հանկարծ չլինենք-չիմանանք, որ քվեարկել եք հանձնաժողովի ստեղծման օգտին: Իրենց տրված է ընդամենը լռելու իրավունք»: