Գոռ Վարդանյանը՝ ֆեդերացիայում հայտնաբերված զենքի մասին
Գոռ Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Վերջին օրերին լրատվամիջոցներով տարածված տեղեկությունների վերաբերյալ ցանկանում եմ հասարակությանը հայտնել հետեւյալը:
Իսրայել Սարգսյանը աշխատել է ՀՀ Դուքենդո ֆեդերացիայում որպես անվտանգության բաժնի ղեկավար: 2013թ-ի դեկտեմբերի վերջին Ի. Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են՝ Երեւան քաղաքում մի շարք խաղատներ փակվելու պատճառով, եւ կրճատվել են որոշակի քանակությամբ աշխատողներ:
Պահպանելով անմեղության կանխավարկածը ողջունում եմ ՀՀ Ոստիկանությանը, այդքան արդյունավետ եւ օպերատիվ հանցագործություն կատարելու մեջ կասկածյալներին հայտնաբերելու եւ ձերբակալելու համար:
Ես՝ ինքս, նախկին իրավապահ համակարգի սպա եմ, հոգով եւ գործունեությամբ դեմ հանցագործություններին եւ բնավ նշանակություն չունի, թե հանցագործություն կատարողը կլինի ֆեդերացիայի նախկին անդամ, գործող ոստիկան, դատավոր, թե մարզպետ: Օրենքի առաջ բոլորն են հավասար:
Միջազգային Դուքենդո ֆեդերացիան ՀՀ-ում եւ արտերկրում ունի 150-ից ավելի դպրոցներ, 200-ից ավելի սեւ գոտու որակավորում ստացած մարզիչներ եւ 8000-ից ավելի մարզիկներ: Ես իմ քսանամյա գործունեությամբ ապացուցել եմ, որ մշտապես զբաղվել եմ մատաղ սերնդի դաստիարակությամբ՝ քարոզելով հայրենասիրություն եւ պետականամետ մտածելակերպ: Այսօր կապելով ինձ եւ իմ ղեկավարած ֆեդերացիան քրեական ինչ-որ հանցագործության հետ, ենթադրում եմ՝ նպատակ ունի սեւացնել իմ անունը եւ ազդել իմ վարկանիշի վրա, որը, ցավոք սրտի, հանգիստ չի տալիս որոշ չկայացած գործիչների:
Ֆեդերացիայում հայտնաբերված պիռատեխնիկական բաղադրիչները ձեռք են բերվել օրինական ճանապարհով, փաստաթղթային ձեւակերպմամբ, ուժային կառույցներից՝ ֆիլմերի մեջ նկարահանելու նպատակով:
Ես վստահում եմ մեր իրավապահ համակարգին` անաչառ, օբյեկտիվ քննություն վարելու եւ բոլոր հարցերին արդար պատասխաններ գտնելու գործում: Մոտակա օրերին հանդես կգամ ավելի ընդգրկուն պարզաբանումներով»: