Հանրապետականները հիմնականում պաշտպանում են Վարդանիկին. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ը գրում է. Երեկ Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավորներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են մտածում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Դուկասյանի որդու Սպարտակ Ղուկասյանի՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա հարձակման մասին։ Պարզվեց, հանրապետականները հիմնականում պաշտպանում են Վարդան Ղուկասյանի որդու արարքը ու չեն էլ փորձում որևէ կերպ աջակցել ներկայիս քաղաքապետ Բալասանյանին Ղուկասյանի դեմ «կռվում»։ Զրուցեցինք ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսանի հետ, ով մի քանի անգամ պատգամավոր է ընտրվել Գյումրիից.
֊ Պարոն Սուքիասյան, ինչպե՞ս կմեկնաբանեք, Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ Գյումրիում տեղի ունեցած միջադեպը։
– Ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել։ Դա ոչ միջադեպ եմ համարում, ոչ ընդհարում։
– Գյումրիում վերջերս ոչ մի բան չի՞ եղել։
– Ես չգիտեմ ինչ է եղել, համենայնդեպս, եթե ինչ-որ բան եղել է, համապատասխան մարմինները կզբաղեն։
– Գոնե այս անգամ մեղավորները կպատժվե՞ն։
-Բայց ի՞նչ է եղել որ պատժվեն։
-Խուլիգանական հարձակում է եղել քաղաքապետի տան վրա։
– Հարձակումը որն է։ Մեքենայով մի տեղով անցնում են, դա հարձակու՞մ է։
ՀՀԿ խմբակցության դեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով միջադեպին, նշեց. «Դա հանրային նշանակություն չունեցող դեպք է, որը համապատասխան մարմինների կողմից կպարզվի, իսկ մեղավորները կպատժվեն։ Ես կարծում եմ, որ պետք չէ ամեն ինչ կապել նրա հետ, որ Վարդան Դուկասյանը ՀՀԿ անդամ է, բայց ինձ համար անգամ պարզ չէ՝ հարձակում եղել է, թե չի եղել։ Համապատասխան մարմինները կաշխատեն, վերջնական գնահատական կտան, երբ հանցակազմ գտնվի իմ տղան լինի, ձեր ընկերը լինի, թե Ղուկասյանի տղան լինի, միևնույն է, օրենքը գործելու է, դատարանը կորոշի». Սահակյանը նաև հայտնեց, որ մի քանի տարի առաջ տեսել է Սպարտակ Ղուկասյանին, «Մի քանի տարի առաջ եմ իրեն տեսել: Իմ վրա բոլոր մարդիկ լավ տպավորություն են թողնում, որովհետեւ մարդիկ լավն են»։
Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։