ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կառուցվածքը փոխվեց. Ոչ իշխանական ուժերը չեն մասնակցի աշխատանքներին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկում է փոխել հաշվիչ հանձնաժողովի կազմում խմբակցությունների ներկայացվածության թիվը: Սահակյանն առաջարկում է անդամների ընդհանուր թիվը 7-ից դարձնել 11, որտեղ ՀՀԿ-ականների թիվը կդառնա 5, ԲՀԿ-ինը՝ 2 տեղ և մեկական տեղ կհատկացվի մյուս խմբակցություններին: «Այս առաջարկով, փաստորեն, մեծամասնությունն ընդունում է, որ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի քննարկումը խափանվել է, ուրեմն ընդունված որոշումը չի կարող իրավական հիմք ունենալ, դրանից հետևում է, որ գազի պայմանագիրը չի վավերացվել»,-տեղից արձագանքեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ համաձայեց Օսկանյանի հետ՝ նշելով, որ եթե որոշումն ընդունվի, ՀԱԿ-ը չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքին: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ասաց, թե ճնշող մեծամասնություն ունենալու համար օրենքները հարմարեցնում են իրենց, որովհետև ՀՀԿ-ն հաշվիչ հանձնաժողովում մեծամասնություն չուներ: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը առաջարկեց 20 րոպե ընդմիջում՝ քննարկելու Սահակյանի առաջարկը, ինչից հետո Գալուստ Սահակյանը առաջակեց քվեարկությունը տեղափոխել վաղը: Սակայն ոչ իշխանական ուժերի ներկայացուցիրներն ընդդիմացան: Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ 20 րոպե ընդմիջումից հետո քվեարկությունն, ըստ կանոնակարգի, տեղափոխել հնարավոր չէ: Սահակյանն էլ ասաց, թե խնդիր չկա՝ կարող են քվեարկություն կատարել նաև այսօր: Ոչ իշխանական չորս խմբակցությունները հրաժարվեցին մասնակցել քվարկությանը, սակայն ձայների 67 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ Սահակյանի առաջարկն ընդունվեց: ՀԱԿ, ԲՀԿ և Ժառանգություն խմբակցություններն էլ հայտարարեցին, որ իրենց ներկայացուցիչներ չեն առաջադրելու հանձաժողովում:

Տեսանյութեր

Լրահոս