Ինչո՞ւ չի հեռացվում ՀՊՏՀ «գլխավոր խուլիգանը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ 5-րդ գումարման գարնանային նստաշրջանի մեկնարկին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրեց, թե ինչո՞ւ մինչ օրս իրենց հասանելիք պատիժը չեն ստացել ՀՊՏՀ այն ուսանողները, որոնք ռեկտորի հետ միասին «խուլիգանական» արարք էին ցուցաբերել լրագրողների նկատմամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության օրը:

«Դուք ՀՊՏՀ խորհրդի ղեկավարն եք, այսինքն՝ փաստացի բուհի ղեկավարը: Անցյալ տարի դեկտեմբերի 26-ին տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ Տարոն Մարգարյանի, այսպես կոչված, ատենախոսության պաշտպանությունը, և դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին հետևելով՝ տպավորություն ստացանք, որ ոչ թե տնտեսագիտական համալսարան է, այլ խուլիգանների որջ: Ավելի խորը ուսումնասիրելով՝ տպավորություն ստացանք, որ որջը հենց ռեկտորի կողմից է ղեկավարվում»,- ասաց նա՝ հավելելով, թե բուհի ռեկտորն էլ գլխավոր խուլիգանն է:

ԱԺ Հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ կոչ արեց խոսել վարման կարգի վերաբերյալ, ապա հիշեցրեց, որ Հովիկ Աբրահամյանն այդ հարցին պատասխանել է: Ն. Փաշինյանն իր հերթին արձագանքեց, թե ինչպե՞ս կարող է հարցին պատասխան լինել, երբ ինքը դեռ իր հարցը չի հնչեցրել: Նա հետարքրքվեց, թե ինչո՞ւ  մինչև հիմա հեռացված չեն այդ խուլիգան ուսանողները և ՀՊՏՀ ռեկտորը։ «Մի՞թե միայն այն պատճառով, որ նրանք լուսանկարներ ունեն Սերժ Սարգսյանի կամ Ձեր հետ կամ նրանք ունեն ինդուլգենցիա ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածները խախտելու»,-հարցրեց ՀԱԿ պատգամավորը։

Պատգամավորը ընդգծեց, թե ամենաթույլ իրավաբանն էլ կասի, որ առնվազն երկու հոդվածի հետ գործ ունենք՝ լրագրողի մասնագիտական գործը խոչընդոտելու և խուլիգանության, ապա շարունակեց՝ ինչու՞ չեն կրել օրենքով սահմանված պատասխանատվություն՝ չեն հեռացվել բուհից և չեն ենթարկվել քրեական պատասխանատվության:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ի պատասխան ասաց. «Ես Ձեր տեսակետների հետ համամիտ չեմ, չեմ կիսում գնահատականը, այն համարում եմ կոռեկտության սահմաններից դուրս, և ընդհանրապես, դա ձեզ մոտ դարձել է ավանդույթ, որ վիրավորելով մարդկանց՝ փորձում եք Ձեր հեղինակությունը բարձրացնել, որ կոռեկտ չէ, ճիշտ չէ այլ անձանց վիրավորելով Ձեր իմիջը բարձրացնել: Եթե ունեք որևէ ծանոթ իրավաբան, ով նման կարծիք կհայտնի, ես պատրաստ եմ, որպես բուհի ղեկավար, այդ մարդկանց պատժել: Նրանք փորձել են ստվեր գցել Տարոն Մարգարյանի հեղինակության վրա»,- ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ խորհուրդ տալով պատգամավորին՝ իր ձևակերպումների մեջ լինել կոռեկտ:

Փաշինյանն էլ արձագանքեց. «Եթե ասում եք, որ այդպես են արել, որ վարկաբեկեն Տարոն Մարգարյանին, թող նրան հայհոյեին, ոչ թե լրագրողներին»:

Տեսանյութը՝ Նիկոլ Փաշինյանի յութուբյան էջից

Տեսանյութեր

Լրահոս