
«ChewBacca» վիրուսի օգնությամբ հաքերները ողջ աշխարհում տասնյակ հազարավոր բանկային քարտերի տվյալներ են գողացել

«ChewBacca» կոչվող վիրուսի օգնությամբ հաքերային ցանցին հաջողվել է աշխարհի 11 երկրում գողանալ ավելի քան 49 հազար վճարային քարտերի տվյալներ: Չարագործները վնաս են հասցրել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի մանրածախ վաճառողների: «RSA FirstWatch»-ի մասնագետները հայտնաբերել են, որ 2013 թ. հոկտեմբերից հաքերները գողացել են 24 մլն տրանզակցիաների տվյալներ: Կիբերհանցագործների սերվերի գտնվելու վայրի մասին տվյալները «RSA FirstWatch» ընկերությունը փոխանցել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությանը, հաղորդում է RT-ն: Հաքերների սերվերն արդեն արգելափակվել է: Տուժած ընկերությունների անունները չեն հրապարկվում:
«RSA FirstWatch»-ի աշխատակիցները նշել են, որ «ChewBacca» -ի թիրախները կրեդիտային քարտերի տվյալներ մշակող համակարգերն են, ինչպես, օրինակ, Point-of-Sale-ը (POS): Windows-ում հայտնվելուց հետո վիրուսն աննկատ «տեղավորվում է» գործարկման ֆայլերում եւ արձանագրում բոլոր սեղմված ստեղներն ու տվյալները փոխանցում Tor ցանցի միջոցով:
Վիրուսի ակտիվությունը դեկտեմբերին արձանագրել են նաեւ Կասպերսկիի լաբորատորիայի մասնագետները: