
Բելառուսի փոստն անվճար ոստիկանություն կուղարկի օղի թորողների մասին մատնությունները

Բելառուսական փոստն աջակցում է իրավապահ մարմինների նախաձեռնությանը եւ մտադիր է օղի թորողների վերաբերյալ անանուն մատնություններն անվճար առաքել փոստային ցանցով, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Յուրաքանչյուր ոք կարող է անանուն կերպով տեղեկություններ ներկայացնել իրավապահներին ոգելից խմիչքների ապօրինի արտադրության եւ իրացման վերաբերյալ:
Առաջարկվում է պարզապես ցանկացած ձեւաչափի թուղթը, անհրաժեշտ հասցեով եւ անգամ առանց ծրարի, դնել փոստարկղի մեջ, պարզաբանել են Մինսկի ներքին գործերի վարչությունից:
Ոստիկանությունը նաեւ բնակչությանը կոչ է արել աջակցել իրենց այդ նախաձեռնությանը: