Թևան Պողոսյան. Քայլ ձեռնարկելը՝ հացադուլ հայտարարելը կամ փայտեր վերցնելը չէ…
«Եթե սատարումը պատկերացնում եք հաց չուտելով կամ նստացույց անելո՞վ… դա շատ անձնական խնդիր է և դժվար հացադուլ անենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե հնարավո՞ր է որպես Մաքսային միությանը դեմ քաղաքական ուժ՝ «Ժառանգությունը» սատարի ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին: Թևան Պողոսյանը նշեց, թե իրենք ամեն ինչով սատարում են, որպեսզի Հայաստանը ընտրի այն ուղին, որով կզարգանա` դա եվրոպական երկիր դառնալու հեռանկարն է:
Մեր հարցին՝ իսկ հնարավո՞ր է միանաք Պ. Հայրիկյանի վաղվա հանրահավաքին, Թևան Պողոսյանը հստակ պատասխան չտվեց. «Ամեն ինչ հնարավոր է, այնպես չէ, որ… Կախված կլինի նրանից, թե հավաքվածները մեր խոսքի կարիքը ունե՞ն, թե՞ ոչ: Ինձ համար գլխավորն այն է, որ մարդիկ պայքարում են, փորձում են իրենց ասածն անեն և եթե մենք կարողանում ենք նսպաստել, մարդկանց բացատրել, համոզել, մեր ասած խոսքով փոխել, ապա անպայման դա անում ենք: Եվ այսօր դա հնարավոր է, հնարավոր է»:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Մաքսային միության անդամակցությանը դեմ քաղաքական ուժերի քննադատության մեղմացումը, արդյոք կարելի՞ է ենթադրել, որ համակերպվել եք Մաքսային միությանն անդանագրվելու գաղափարին, «Ժառանգություն» խմբակցության քարտուղարն ասաց. «Չէ, հետ ճանապարհի խնդիրը չէ, հավատի հարց է: Այսօրվա դրությամբ այն, ինչ հայտարարվել է, արվում է, տեխնիկական փաստաթղթի խնդիր է: Այս խմորը դեռ շատ է ջուր քաշելու` գալու է նույնիսկ խնդրի լուծման քաղաքական պահը ու դա հալած յուղի նման չի անցնելու: Նույն Ղազախստանը այլ խնդիրներ է բարձրացնելու, Բելոռուսն ունի իր խնդիրները… Այնպես որ՝ ամեն ինչ դեռ առջևում է»:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ որևէ քայլ չեք նախաձեռնում, պատգամավորն ասաց. «Ես խնդիրը չեմ պատկերացնում նրա մեջ, որ գնանք, փողոցում իրար ծեծել, ջարդելով լուծենք այս հարցը. պետք է բացատրել և հասկանալ, քննարկել, թե որտեղ են Հայաստանի շահերը լավագույնս արտացոլվում: Պետք չէ սև ու սպիտակի բաժանել` որ եթե Ասոցացման համաձայնագիր չէ, Մաքսային միություն է, և՝ հակառակը: Դա Ձեր պատկերացումն է, Ձեր գնահատականն է, որ քայլ ձեռնարկելը նշանակում է կամ պետք է հացադուլ հայտարարել, կամ պետք է գնալ փայտերը վերցնել… Ամեն մարդ իր պայքարի ճանապարհը մի ձև է պատկերացնում: Գործողություն անելը չի նշանակում գնալ մի տեղ նստել կամ հացադուլ անել… Թող մարդիկ իրենք գնահատեն` արդյոք դա տալի՞ս է օգուտ»: