Հայաստանը՝ մոնոպոլիաների տարածաշրջանային կենտրոն
Համաշխարհային բանկը երեկ ներկայացրել է «Հայաստանի Հանրապետություն. Կուտակում, մրցակցություն, միակցելիություն» նոր զեկույցը։ Միանգամից ասենք, որ այն պարունակում է բազում գնահատականներ և ձևակերպումներ, որոնք, մեղմ ասած, հաճելի չեն լինի ՀՀ իշխանությունների համար։
Մեծ հաշվով` ՀԲ-ն այս զեկույցով արմատական փոփոխությունների կոչ է անում։ Գլխավոր ուղերձը հետևյալն է` Հայաստանում աշխատատեղերի ստեղծման համար աճի այլ մոդելի անհրաժեշտություն կա։ Որովհետև, ինչպես նշվում է զեկույցում, մինչև ճգնաժամը եղած տնտեսական աճն աշխատատեղերի ստեղծմանը չի նպաստել` հիմնված լինելով միայն հիմնականում շինարարության ոլորտի վրա և Հայաստանի տնտեսությունը դարձնելով առավել խոցելի։ Իսկ դրանից հետո, չնայած որոշ քայլերին, խնդիրներից շատերը խորքային լուծումներ չեն ստացել։ Զեկույցի հեղինակներն առանձնացնում են ինքնաբավ աճի ու աշխատատեղերի ստեղծման չորս կարևորագույն տարրեր:
Զբաղվածությանը թափ հաղորդելու համար էական է համարվել մասնավոր հատվածում աշխատատեղերի ձևավորումն ու աշխատողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարելավումը: Ըստ զեկույցի հեղինակների` մասնագիտական կրթության առարկայական ծրագրերի բարելավումը, որակի ապահովման մեխանիզմների միջոցով գործատուների գործուն ներգրավմամբ, թափ կհաղորդի աշխատատեղերի ստեղծմանը:
Հաջորդ բաղադրիչը, այսպես ասած, Հայաստանի փոխկապակցվածությունն է արտաքին աշխարհի հետ։ ՀԲ-ն կոչ է անում մեծացնել ծովային սահման չունեցող Հայաստանի տնտեսության փոխկապակցվածությունն արտաքին աշխարհի շուկայի հետ` ցամաքով, օդով և համացանցի ու կապի տեխնոլոգիաների միջոցով։ Այստեղ խոսք է գնում նաև օդային տրանսպորտի ազատականացման մասին, որի ուղղությամբ ՀՀ կառավարությունն արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկել է։
Սակայն հաջորդ երկու բաղադրիչներն առավել ուշագրավ են այն իմաստով, որ դրանցում գրեթե առանց թաքցնելու ներկայացված է խայտառակ իրականությունը։
Դրանցից մեկը բանկային համակարգին և ֆինանսական միջնորդությանը վերաբերող գնահատականներն են: Ինչպես հայտնի է, Հայաստանի կառավարությունը ֆինանսական և, մասնավորապես, բանկային ոլորտը համարում է ամենակայացած ոլորտներից մեկը։ Մշտապես խոսվում է վարկավորման ծավալների աճի, բանկային ծառայությունների սպեկտրի ընդլայնման և որակի բարձրացման մասին։ Սակայն ՀԲ զեկույցից պարզվում է, որ Հայաստանի բանկային համակարգն ընդհանրապես պարծենալու բան չէ։
Նշվում է, որ բանկային համակարգը դրված է ամուր հիմքերի վրա և արագ զարգանում է, սակայն մեծության, արդյունավետության և նորարարության առումով այն դեռևս զիջում է համեմատելի երկրների մեծ մասին: Մասնավոր հատվածի ՀՆԱ-ի վարկավորումը համեմատաբար ցածր է` շուրջ 38 տոկոս, մինչդեռ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի միջինը 2010 թ. կազմում էր 42 տոկոս: Այսինքն` բանկային համակարգը բավարար չափով չի կատարում իր գլխավոր գործառույթը` տնտեսության վարկավորումը։
Ըստ ՀԲ-ի, Հայաստանը համեմատելի երկրներին զիջում է նաև ֆինանսական համակարգի արդյունավետությունը վեր հանող ցուցանիշների տեսանկյունից (տոկոսադրույքի սպրեդներ, զուտ տոկոսադրույքի մարժա, վերադիր ծախս/ակտիվներ հարաբերակցություն)։
Համաշխարհային բանկը բացահայտել է նաև հայաստանյան բանկերի խտրական վերաբերմունքը և փոքր ու միջին բիզնեսի ոչ շահեկան վիճակը. «Բանկերը խոշոր կորպորատիվ հաճախորդներին հիմնականում առաջարկում են ստանդարտ պայմաններով վարկեր, մինչդեռ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները (ՄՓՄՁ) վարկեր ստանալու հարցում խնդիրների են բախվում: Անբավարար հաշվապահական հաշվառման և հաշվետվողականության, ինչպես նաև` գրավի տրամադրման հետ կապված խնդիրների պատճառով ՄՓՄՁ-ները հաճախ չեն դիտվում` որպես վարկունակ կազմակերպություններ»: Նշվում է, որ վարկային ծառայությունները մատչելի են ընկերությունների համեմատաբար փոքր շրջանակի համար, որոնք հիմնականում խոշոր, ժամանակակից ոլորտների միավորումներ են, մինչդեռ միկրո, փոքր և միջին ընկերությունները հիմնականում ստիպված են իրենց գործունեությունը ֆինանսավորել սեփական միջոցներով։
Սա զեկույցում առկա գնահատականների մի մասն է միայն, սակայն այսքանն էլ բավական է` հասկանալու համար, որ Հայաստանի գովերգված բանկային համակարգն արդյունավետ չէ և չի նպաստում տնտեսական աճին։
Եվ վերջապես, աճի կարևոր բաղադրիչ է համարվել նաև մրցակցության խթանումը։ Այստեղ գնահատականները պակաս մտահոգիչ չեն։ Նշվում է, որ հայաստանյան շուկաներում տնտեսական մրցակցության զարգացմանը խանգարում է շուկայի կառուցվածքը, սահմանափակող իրավական կարգավորումը, վնասարար պետական հովանավորությունը, ուժեղ պետական ձեռնարկությունների ներկայությունը և մրցակցության կանոնների անարդյունավետ կիրառումը: Հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության և ներքին մրցակցության ուժգնության տեսանկյունից Հայաստանը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ցուցակում զբաղեցնում է վերջին տեղը:
Ըստ ՀԲ-ի` Հայաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներում գերիշխող դեր են զբաղեցնում սահմանափակ թվով ընկերություններ: Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներում` հեռահաղորդակցությունում և տրանսպորտում, որոնք նաև խթանում են երկրում ընդհանուր տնտեսական գործունեությունը և մրցակցային մեծ ներուժ ունեն, գործում է ընդամենը մի քանի կամ նույնիսկ մեկ ընկերություն։
Պարզվում է, որ մոնոպոլիաների հարցում Հայաստանը տարածաշրջանային առաջատարն է։ Ըստ ՀԲ զեկույցի` Հայաստանի տնտեսությունում մենաշնորհների թիվն ավելի շատ է, քան տարածաշրջանի այլ երկրներում:
Շուկաներում կենտրոնացման մակարդակը բարձր է, և տարածաշրջանի այլ երկրների միջին 6 տոկոսի համեմատ` Հայաստանի շուկաներում մենաշնորհները կազմում են 19 տոկոս: Ավելին, հարցման մեջ ընդգրկված շուկաների 60 տոկոսն օլիգոպոլիկ կամ մենաշնորհային կառուցվածք ունի: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Հայաստանը վերջին տեղն է զբաղեցնում նաև հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության և ներքին մրցակցության ուժգնության տեսանկյունից։
Մրցակցության վիճակը մտահոգիչ է հատկապես մի շարք շուկաներում, որտեղ մրցակցության պակասը ոչ միայն արգելակում է տնտեսական աճը, այլև ազդում է գների մակարդակի վրա, դրա հետևանքով նվազում է տնային տնտեսությունների բարեկեցությունը, ինչպես նաև հայկական ապրանքների մրցունակությունն արտասահմանում:
Զեկույցում բերված օրինակից երևում է, որ Հայաստանում գներն էապես ավելի բարձր են, քան այլ համեմատելի երկրներում: Օրինակ, ԱՊՀ երկրների համեմատ Հայաստանում հացի գինը բարձր է միջինը 36%-ով, կարագինը` 23%-ով, ձվինը` 25%-ով, կաթինը`33%-ով։
Ընդ որում, հատուկ շեշտվում է, որ գների տարբերությունը պայմանավորված չէ հարկային բեռով: Պարենային ապրանքներից գանձվող հարկերը Հայաստանում ավելի ցածր են, քան ԱՊՀ այլ երկրներում։ Այսինքն` գները բարձր են մրցակցության բացակայության պատճառով։ Հայաստանի սպառողը պարզապես հարստացնում է մենաշնորհների և օլիգոպոլիաների տերերին։
Ահա այսպիսի գնահատականներ է հնչեցրել Համաշխարհային բանկը։ Իհարկե, մեծ հաշվով այս ամենը նորություն չէ, սակայն նման մասնագիտական և կուռ հաշվարկների հիման վրա կազմված փաստաթուղթը լավ հաղթաթուղթ կարող է դառնալ ընդդիմության համար` կառավարությանը քննադատելու հարցում։
Հետաքրքիր է, սակայն, մեկ այլ հանգամանք։ Նույն Համաշխարհային բանկն առաջին անգամ չէ, որ նման գնահատականներ է հնչեցրել, մասնավորապես` Հայաստանի մրցակցային միջավայրի առումով։ Սակայն իրավիճակը, ինչպես տեսնում ենք, ընդհանրապես չի փոխվել։ Իսկ ՀԲ-ն իր զեկույցում շարունակում է լուծումներ և իրավիճակը բարելավելու մեխանիզմներ առաջարկել։
Ավելին` վերջերս հայտարարվեց, որ ՀԲ-ն դրական է գնահատում ՀՀ կառավարության գործունեությունը և առաջիկա տարիներին ևս ավելի քան 800 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին։ Վստահության այսպիսի դրսևորումը բավականին զարմանալի է։ Մնում է միայն ենթադրել, որ Համաշխարհային բանկում առաջնորդվում են Հայաստանի Հանրապետական կուսակցության կարգախոսով` հավատում են, որ փոխեն։
«168 ԺԱՄ»