Փորձագիտական խումբը կգնահատի պետական ֆինանսական կառավարման ոլորտը
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նոյեմբերի 27-ին ընդունեց Եվրամիության և տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության (OECD) կողմից հիմնադրված՝ ՍԻԳՄԱ (SYGMA) փորձագիտական կառույցի պատվիրակության ղեկավար Յուպ Վրոլիկին (Joop Vrolijk), ով հանդիսանում է տարածաշրջանում այս առաքելության ղեկավարը: Հանդիպմանը մասնակցում էին նաև խմբի անդամ Կլաս Կլաասը (Klas Klaas), նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Մակար Ղամբարյանը: Փորձագիտական խմբի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի պետական ֆինանսական կառավարման ոլորտը, գնահատել թե ձեռքբերումներն ու թե բացթողումները՝ ամփոփելով դրանք եզրակացության մեջ: Մասնագիտական գնահատման արդյունքում ի հայտ եկած թերությունները, ըստ ոլորտի պատասխանատուների, գործադիրի համար այս ուղղությամբ ռազմավարությունը վերանայելու հիմք կհանդիսանան: SYGMA-ն նախորդ եզրակացությունը տվել է 2009 թվականին, որը նախատեսվում է ստացված արդյունքների հիման վերանայել փետրվար-մարտ ամիսներին, այնուհետև հրապարակել: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներքին աուդիտին, վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ներդրմանը և ընդհանրապես պետական կառավարման համակարգին առնչվող հարցեր: Դավիթ Սարգսյանը, բարձր գնահատելով կառույցի առաքելությունը Հայաստանում, հույս հայտնեց համագործակցության արդյունքում բարելավել կառավարումը՝ հատկապես պետական ֆինանսական ոլորտում: SYGMA-ն մասնագիտական կառույց է, որը երկրորդ անգամ է համակողմանի արտաքին գնահատում իրականացնում այս ոլորտում ֆինանսների նախարարության առաջարկությամբ:
ՀՀ ֆինանսների նախարարություն