Բաժիններ՝

Տեխնոլոգիական ոլորտը միայն ծրագրավորումը չէ. Թոնի Մորոյան

Հայաստանյան համալսարանների շրջանավարտների մեծամասնությունը տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտ մուտք չեն գործում, այլ գնում են քաղաքականության, տնտեսագիտության, իրավաբանության և այլ ոլորտներ, որոնք արդեն գերհագեցած են, հնարավորությունները շատ չեն, մինչդեռ ՏՏ ոլորտը կարողությունների իմաստով շատ լայն հնարավորություններ ունի: Այս ոլորտում մարդկանց քանակի ավելացումը չափազանց կարևոր է Հայաստանի նման փոքր երկրի համար, ուստի համալսարանների մեջ այս ուղղությամբ շրջանավարտների թվաքանակի տոկոսային հարաբերությունը պետք է մի քանի անգամ ավելացնել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց «Վիասֆեր ինտերնեյշնլ» ընկերության և «Վիասֆեր» տեխնոպարկի հիմնադիր-նախագահ, Panarmenian Bank-ի և Candle նախագծի խորհրդի անդամ, «ԱրմԹեք» կոնգրեսի համահիմնադիր և համանախագահ, ամերիկահայ հայտնի գործարար Թոնի Մորոյանը` նշելով, որ շատերը չեն ցանկանում համակարգչային գիտությամբ առաջ ընթանալ՝ մտածելով, որ այս ուղղությունն ընտրելու պարագայում ամբողջ օրը պետք է համակարգչի մոտ անցկացնեն և ծրագրավորեն: Մինչդեռ այս ուղղությունն ընտրելով՝ մարդը կարող է ցանկացած ոլորտում աշխատել` դեղագործության, առևտրի, պետական կառավարման համակարգում, ֆինանսական ոլորտում, և այլն:

«Մենք պետք է քարոզենք ու բացատրենք պատանիներին և երիտասարդներին, որ համակարգչային գիտության ուղղությամբ գնալիս՝ պարտադիր չէ, որ ծրագրավորող դառնան»,- մեզ հետ զրույցում ասաց Թ. Մորոյանը` նշելով, որ  իր համար էլ անկարելի էր ամբողջ օրը նստել համակարգչի առջև և ծրագրավորմամբ զբաղվել, ուստի տեխնոլոգիական ոլորտի տարբեր հայտնի ընկերություններում` Hitachi, Texas Instruments, և այլն, ինքն ավելի շատ աշխատել է ընկերությունների ռազմավարությունների մշակման ուղղությամբ:

«Կարծում եմ՝ նման հնարավորությունների և այս ոլորտում հաջողությունների հասնելու մասին եթե շատ խոսենք, ապա շատ երիտասարդներ կգան այս ուղղություններով, ինչն այժմ պակասում է Հայաստանի մեջ»,- ասաց Թ. Մորոյանը:

«Վիասֆեր ինտերնեյշնլ» ընկերության և «Վիասֆեր» տեխնոպարկի հիմնադիր- նախագահ, Panarmenian Bank-ի և Candle նախագծի խորհրդի անդամ, «ԱրմԹեք» կոնգրեսի համահիմնադիր և համանախագահ, ամերիկահայ գործարար Թոնի Մորոյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս