Ծայրը ծայրին չեն հասցնում. Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի կայքը չի գործում

«2014 թ. հունվարի 1-ից մեկնարկում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: 1974 թվականից հետո ծնված աշխատող, անհատ ձեռներեց, նոտար: Թեժ գիծ 114, www.epension.am»: Այս օրերին ահա այսպիսի sms հաղորդագրություններ են ստանում ՀՀ քաղաքացիները Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (ԿՀԻԿ) հիմնադրամից:

Համակարգի գործարկմանը, կարելի է ասել, հաշված օրեր են մնացել, իսկ մինչ օրս չի գործում հաղորդագրությունում նշված www.epension.am կայքը, որի գործարկման ժամկետ սահմանված է 2013 թ. նոյեմբեր ամիսը: Ըստ գաղափարի՝ այս կայքի միջոցով ՀՀ քաղաքացիներին պետք է հնարավորություն տրվի կենսաթոշակային ֆոնդ/ֆոնդի կառավարիչ ընտրելու, կուտակային վճարները նոր ֆոնդ ուղղելու կամ փայերը այլ կենսաթոշակային ֆոնդի փայերով փոխանակելու, կենսաթոշակի ստացման ձևը ընտրելու և այլն:
ՀՀ կառավարությունն ու այս բարեփոխման պատասխանատուները նմանվում են ծույլ ուսանողի, որին դասը սովորելու համար միայն 1 օր չէր բավարարել: Այժմ մեր ղեկավարներն ամեն ինչ անում են, այսպես ասած, «վերջին օրով»։ Այս տարվա հունվարից ներդրված եկամտային հարկի հետ կապված որոշ քայլեր այնքան ձգձգեցին և ուշ արեցին, որ ստիպված եղան հաշվետվությունների ընդունման վերջնաժամկետն ավելացնել: Հիմա էլ կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված՝ ստացվում է այնպես, որ օրը կգա, իսկ քաղաքացիները տեղյակ էլ չեն լինի, թե ինչ և ինչպես պետք է անեն:

Տեսանյութեր

Լրահոս