
ԵՄ-ը կտրականապես դատապարտել է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը դատապարտում է իր և Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը, և պատրաստ է Մոսկվային բացատրել, թե ինչում է կայանում Բրյուսելի ու Կիևի հարաբերությունների փոխադարձ օգուտը:
Այս մասին նշված է Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյի ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի համատեղ հայտարարությունում: Նրանք ընդգծել են, որ իրազեկված են Ուկրաինայի վրա գործադրված արտաքին ճնշման կապակցությամբ.
«Մենք կտրականապես դատապարտում ենք ռուսական դիրքորոշումը և գործողություններն այդ ուղղությամբ: ԵՄ-ի հետ ավելի ամուր հարաբերությունները ձեռք չեն բերվում արևելյան գործընկերների և նրանց այլ հարևանների, այդ թվում նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին: «Արևելյան գործընկերությունը» մտածվել է որպես փոխշահավետ ծրագիր, ուր շահողի դերում են հայտնվում բոլորը»:
Վան Ռոմպեյն ու Բառոզուն ընդգծել են, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ առաջարկը մնում է ուժի մեջ: