
Իրանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների մեղմացման գործընթացը կմեկնարկի դեկտեմբերին. France-Presse

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն արդեն դեկտեմբերին կսկսի Իրանի դեմ սահմանած պատժամիջոցների մեղմացման գործընթացը, ինչն իրականացվելու է նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում:
Այս մասին Europe 1 ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: Նա ընդգծել է, որ մի շարք պատժամիջոցների վերացումը կամ մեղմացումը կրելու է սահմանափակ, ճշգրիտ ու շրջելի բնույթ: Ֆաբիուսը չի մանրամասնել, թե որ ոլորտներին է առնչվելու պատժամիջոցների մեղմացումը:
Ֆաբիուսի խոսքերով՝ մոտակա շաբաթներին կարող է տեղի ունենալ ԵՄ-ի նախարարների նիստը, որում էլ կքննարկվի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացման հարցը: