Վրաստանի համար վճռորոշ պայքարը շարունակվում է. Սաակաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Վարդերի հեղափոխության» անցկացման 10-ամյակի կապակցությամբ Facebook-ի իր էջում գրել է, որ Վրաստանի համար վճռորոշ պայքարը շարունակվում է:
Սաակաշվիլին ներկայումս գտնվում է Վաշինգտոնում, նա Վրաստանը լքել է այս տարվա նոյեմբերի 17-ին Թբիլիսիում անցկացված նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունից անմիջապես անց: Սաակաշվիլին նշել է, որ որոշել է ժամանակավորպես հեռանալ ակտիվ քաղաքականությունից և զբաղվել արտասահմանում գիտական կենտրոնի ստեղծմամբ.
««Վարդերի հեղափոխությունը» ստեղծել է ուժեղ և արդյունավետ պետական ինստիտուտներ, ստեղծել է սերունդ, որը երբեք չի հաշտվի անցյալին վերադառնալու հետ: Հենց «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանը դրեց ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհի մեջ:
«Վարդերի հեղափոխության» արդյունքում բազմաթիվ դարերի ընթացքում Կովկասում ստեղծվեց հաջող պետություն իր դարաշրջանի համար: 10 տարի առաջ մենք համատեղ պայքարել ենք նրա համար, որ Վրաստանը ձևավորվի որպես պետություն, «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանի պատմության առավել կարևոր պահերից մեկն է, սակայն այդ պատմությունը շարունակվում է, և ամեն ինչ դեռ առջևում է»:
Հիշեցնենք, որ «Վարդերի հեղափոխությանը» սկիզբ դրեց 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների կեղծումը։ «Վարդերի հեղափոխության» արդյունքում Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն վայր դրեց իր լիազորությունները, և երկրի ղեկավարությունն անցավ ընդդիմադիրներին, որոնց գլխավորում էր Միխեիլ Սաակաշվիլին: