ԱՄՆ-ը խոստովանել է, որ գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ. Reuters
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Իրանը գաղտնիության պայմաններում անցկացրել են երկկողմ բանակցություններ, որոնք նպաստել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությանը հասնելուն: Այս մասին գործակալությանը հայտնել է ԱՄՆ-ի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչը, որի անունը, սակայն, չի հաղորդվում:
Վերջինիս հաղորդմամբ՝ իրանա-ամերիկյան խորհրդակցություններն անցկացվել են Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցություններին զուգահեռ և դրանց շրջանակներում: Երկկողմ հանդիպումների ընթացքում մշակվել են գաղափարներ, որոնք հետագայում ներկայացվել են համընդհանուր բանակցություններում: Երկկողմ խորհրդակցություններն անցկացվել են սեպտեմբերին, հոկտեմբերին ու նոյեմբերին:
Նոյեմբերի 24-ի գիշերը Իրանի ու «Վեցյակի» միջև Ժնևում հնգօրյա բանակցությունների արդյունքում համաձայնագիր ստորագրվեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Դրա համաձայն, Իրանը կրճատում է իր միջուկային աշխատանքները և միջազգային փորձագետներին թույլատրում է մուտք գործել իր օբյեկտներ, ինչի դիմաց մասնակիորեն վերացվում են նրա դեմ սահմանված պատժամիջոցները: