Սեդրակ Աճեմյանը՝ իր և Տիգրան Սարգսյանի ընկերային, բարեկամական և բիզնես կապերի մասին

ՍԴՀԿ պառակտման մեջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը մեղադրում է վարչապետ Տիգրան Սարգսյանին. դեռևս ամիսներ առաջ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով կուսակցության հայտնի դատավարությանը, նշել էր, թե օրենքից չհասկացողներն էլ ակնհայտ կտեսնեն, որ «սա հստակ պատվեր է ու դատարանի որոշումը զանգի, հրահանգի միջոցով է կատարվել: Որովհետև ոչ մի տրամբանություն վճռի մեջ չկա»:

168.am-ը ՍԴՀԿ կենտրոնական վարչության նախկին ատենապետ Սեդրակ Աճեմյանից հետաքրքրվեց՝ արդյոք վարչապետ Տիգրան Սարգսյանն օգնե՞լ է իրենց հաղթել այդ դատական գործը: Ի պատասխան Սեդրակ Աճեմյանն ասաց. «Չէ, ջանս: Ամենքս էլ լավ գիտենք այդ երևույթները, գիտենք փաստաբան վարձելը, գիտենք՝ ինչ պետք է անենք, ինչը նորմալ երևույթ է ամբողջ աշխարհում: Ու մենք լավ փաստաբաններ ունեինք, որ մեր իրավունքը հարյուր տոկոսով պաշտպանեն հայրենի հողի վրա և նրանց շնորհիվ մեր իրավունքներն այսօր վերադարձան մեզ»:

Նա հերքեց, թե Տիգրան Սարգսյանը դատական գործընթացի հետ որևէ առնչություն է ունեցել` նշելով. «Պարոն վարչապետը ի՞նչ կապ ունի այդ դատական հարցերով: Շատ ամոթ բան է, որ կուսակցությունը գնա, մեկին մի նման բան խնդրի, ասի՝ օգնեք մեզ: Մի քիչ զարմանալի է ինձ համար նման մոտեցումը»:

Ինչ վերաբերում է Լյուդմիլա Սարգսյանի այն պնդումնեին, թե Սեդրակ Աճեմյանը բիզնես կապեր ունի Տիգրան Սարգսյանի հետ, դրա համար էլ վերջինս օգնում է իրենց, ՍԴՀԿ նախկին ատենապետն ասաց. «Լյուդա Սարգսյանը վաղուց մեզ համար վերջացած անձնավորություն է: Մենք այդ էջը վաղուց փակել ենք. դե հիմա կին է, որ ազատ, անկախ իր ուզածն ասում է: Չէ՞որ ընդունում ենք, որ Հայաստանի մեջ խոսքի, մտքի ազատություն է, այդ կինն էլ իր ուզածն ասում է: Թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում… մեզ համար սա վերջացած հարց է, չենք էլ ուզում անդրադառնալ»:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե Տիգրան Սարգսյանի հետ մտերիմ չե՞ք, նրա հետ միասնական բիզնես չունե՞ք, Սեդրակն Աճեմյանն այսպես արձագանքեց. «Անկեղծորեն ամբողջ աշխարհով մեկ պետք է հայտարարեմ, որ՝ այո, բիզնես ունեմ, բայց բիզնեսի մեջ ընկեր չունեմ: Ինչ կա՝ իմ ընտանիքի, բիզնես պարտնյորների, ընկերների հետ եմ ստեղծել: Բիզնես կապ իմ ու վարչապետի մեջ չկա, մեր կապը բարեկամական է, ընկերային: Մեր կուսակցությունը բազմիցս ասել է, որ ինչով կարող ենք կօգնենք ու օգնում ենք մեր ազգին, մեր հայրենիքին, Հայաստանին, ժողովրդին: Մեր կապերը պարոն վարչապետի հետ այսքանն են»:

Տեսանյութեր

Լրահոս