
Յանուկովիչը 20 միլիարդ դոլարանոց գործարքի մեջ է մտել Ռուսաստանի հետ. Յացենյուկ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենիյ Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանի իշխանություններից «պոկել» է 20 միլիարդ դոլար, որի մի մասն օգտագործվելու է 2015 թվականի նախագահական ընտրություններում իր վերընտրման համար:
Յացենյուկի խոսքերով՝ Յանուկովիչն այդ գումարի դիմաց հրաժարվել է Ուակրաինայի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց. «Սակարկության միջոցով Յանուկովիչն իր համար Ռուսաստանից ստացել է 2015 թվականի նախագահական երկրորդ ժամկետով ընտրվելու և Ռուսաստանի կողմից դրա ճանաչման երաշխիք»:
Յացենյուկը հավելել է, որ դրանից բացի, Յանուկովիչն իր և իր մերձակա շրջապատի համար ստացել է գազի իջեցված գին:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Յանուկովիչը հեռախոսազրույց է ունեցել ներկայումս ԵՄ-ում նախագահող Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ և Ասոցացման համաձայնագրից հրաժարվելը պայմանավորել է Ռուսաստանի տնտեսական ճնշման և շանտաժի հետ: Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2015 թվականի մարտի 29-ին: