Ուկրաինայի իշխանությունների վերցրած դադարը զուրկ չէ ակնհայտ լուրջ ռիսկերից. Կվասնևսկի և Կոքս
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի մոնիթորինգային առաքելության դիտորդներ, Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին և Եվրախորհրդարանի նախկին նախագահ Պետ Կոքսը Եվրախորհրդարանին խորհուրդ են տվել հետագայում նույնպես չանտեսել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի շուրջ ստեղծված իրավիճակը:
Կվասնևսկին և Կոքսը ԵՄ-ին և մասնավորապես նախագահ Մարտին Շուլցին խորհուրդ են տվել հետագայում նույնպես ակտիվորեն հետևել Տիմոշենկոյի բանտային պայմաններին և նրա հետ վարվելաձևին: Դիտորդները կարծում են, որ ներկայիս բարդ ժամանակաշրջանում Ուկրաինայի ժողովուրդը ԵՄ-ի ղեկավարներից պետք է հավաստիացումներ ստանա, որ փակված չեն Ուկրաինայի եվրոպական հույսերի ու ձգտումների դռները:
Կվասնևսկին և Կոքսն իրենց առաքելության շրջանակներում իրականացրած 27-րդ ուկրաինական այցի վերջում հիասթափություն են հայտնել Ուկրաինայի կառավարության կայացրած որոշման կապակցությամբ՝ կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախապատրաստական գործընթացը կասեցնելու հետ:
Նրանք ընդգծել են, որ վերջին 18 ամիսներին ԵՄ-ը վիթխարի ջանքեր է գործադրել Ուկրաինայի հետ համագործակցելու համար, որում ոչ վերջին դերն է խաղացել Կոքսի ու Կվասնևսկու առաքելությունը (Ուկրաինան ու ԵՄ-ը Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել են 2012 թվականի գարնանը):
Դիտորդների կարծիքով՝ Ուկրաինայի իշխանությունների վերցրած «թայմ-աուտը» (դադարը) զերծ չէ ակնհայտ լուրջ ռիսկերից և ամենայն հավանականությամբ կպահպանվի բավական երկար ժամանակ, իսկ գործընթացը, եթե վերականգնվի էլ ինչ-որ ժամանակ, ապա կունենա լուրջ բարդություններ՝ կապված Ուկրաինայի կառավարության տվյալ որոշման հետ: