Վարդան Պետրոսյանի փաստաբանը հերքում է տուժող կողմի վարկածները

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը այսօր լրագրողների հեըտ զրույցում տեղեկացրեց, որ դիմել է Եվրոպայում մարդու իրավունքների հանձնակատարին՝ նրան ներկայացնելով Վ. Պետրոսյանի գործի հետ կապված ապօրինությունները: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի. նա իր դիմում-բողոքում նշել է, որ Վ. Պետրոսյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է եղել:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Վարդան Պետրոսյանի փաստաբանի՝ խափանման միջոցը փոխելու մասին բողոքը, և դերասանը կմնա կալանավորված: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ 8221 ստորագրություն է նրկայացվել նախաքննական մարմնին. բազմաթիվ անձիք նաև անձնական երաշխավորագիր են ներկայացրել:

Ն. Բաղդասարյանը նշեց, որ նախաքննական մարմնին ներկայացրել է նաև 8-ամյա մի  երեխայի նամակը, որում երեխան խնդրել է ազատ արձակել Վարդան Պետրոսյանին:

Ն. Բաղդասարյանը տեղեկացրեց նաև, որ իրենց կողմից հարցումներ են արվել՝ պարզելու համար՝ արդյոք «Նիվա» մակնիշի ավտոմեքենան կարո՞ղ էր շահագործվել, եթե չկան հետդիտարկման երկու կողային հայելիները, եթե ետևում նստած են եղել 4 հոգի:

«Մի անձը մեր վարկածով նստած է եղել երկու առջևի նստատեղի  մեջտեղի մասում՝ դեմքով դեպի հետևը, մեջքով դեպի ապակին՝ թեպետ տուժողները տվել են այլ ցուցմունք, որ ինքը նստած է եղել հավասարապես հետևի մասում»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա ներկայացրեց վթարի մեխանիզմի հետ կապված մի քանի տարբերակներ, և հերքեց դրանք.

«Տուժողների կողմից երեք վարկած է առաջ քաշվել: Առաջին վարկածը ներկայացնում է Տաթևիկի ընկերուհին, որ իրենք մոտենում էին այդ խաչմերուկին և սպասում էին, որ այնտեղից ավտոմեքենան դուրս գա, որ աջ մտնեն դեպի Աշտարակ: Այդ ճանապարհը միակողմանի է, նման դեպք չէր կարող լինել, հետո վթարի տեղը այդ խաչմերուկն անցած է եղել:

Մյուս վարկածը ներկայացրել է տուժողներից մեկը, որ իրենք նկատել են անկանոն գնացող այդ ավտոմեքենան և դրա համար իջեցրել են արագությունը, որպեսզի այդ ավտոմեքենան կողքից անցնի: Այդ վարկածը նույնպես հերքվել է, որովհետև կան որոշակի փաստական տվյալներ, որ այդ ավտոմեքենայի փոխանցման տուփը դեպի ետ է տեղադրված եղել: Դա արդեն հիմնավորված է քրեական գործով:

Իսկ ինչ վերաբերում է այն վարկածին, որ իրենք քշել են ավտոմեքենան, շարժիչը փչացել է, նրանք ելեն են աջ՝ կողնակի վրա, և այնուհետև փորձել են դուրս գալ դեպի Երևան գնացող ճանապարհ…  Հետ փոխանցման տուփով դեպի ձախ դուրս գալ հնարավոր չէ:  Եթե փոխանցման տուփը դրված է հետ գնալու վրա, ավտոմեքենան հետ է գնում, ոչ մի կերպ չի կարող առաջ գնալ: Այդ փաստերը հիմնավորված են քրեական գործով: Բացի այդ էլ, այնտեղ՝ այդ հատվածում՝ կողնակում, հետ գնալու տեղ չկա:

Եվ ամենակարևոր փաստարկան այն էր, որ եթե ավտոմեքենան կանգնած լիներ կողնակում՝ ճանապարհից դուրս, այնտեղ մոտ 10 մետր վերև արդեն սկսում են բավական խիտ ծառեր: Վարդան Պետրոսյանը, որպեսզի նման վթար ունենար, պետք է ծառերի միջով անցներ, այսինքն՝ ծառերը մնային, ինքը մնար, որ գար, հարվածեր հետևի մասին: Իսկ ինչ վերաբերում է, որ կտրուկ մանյովրում կատարվի Վարդան Պետրոսյանի կողմից դեպի աջ, հետո ուղղվի, տարածությունը այնքան քիչ է, մեծ արագությամբ դա անել հնարավոր չէ»:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ իրենց վարկածով՝ ավտովթարը տեղի է ունեցել ճանապահհի բանուկ մասում, այնտեղ, որտեղ թափված է եղել մեքենայի յուղը:

Տեսանյութեր

Լրահոս