Փաստաբան. Քննիչը Վարդան Պետրոսյանին ենթարկել է ֆիզիկական կամ հոգեկան տանջանքների
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին. նա իր բողոքում նշել է, թե քննիչ Հայկ Հակոբյանը իր պաշտպանյալին իր գործողություններով ենթարկել է «ֆիզիկական կամ հոգեկան տանջանքների»:
Պաշտպանին ուղղված իր դիմում-բողքում Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչը նոյեմբերի 9-ին այցելել է «Արթմեդ» բժշկական կենտրոն, որտեղ այդ ժամանակ բուժում է ստացել Վարդան Պետրոսյանը՝ նրա ներկայությունը դատական նիստին ապահովելու նպատակով: Այդ օրը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պետք է քններ Վարդան Պետրոսյանին կալանավորելու մասին միջնորդությունը:
Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ քննիչ Հայկ Հակոբյանը բժշկական կենտրոնում տեսել է, որ Վ. Պետրոսյանը ցավեր ունի, սակայն չի լսել բժիշկների խորհուրդները, որ հիվանանցից դուրս բերելը կնպաստի դերասանի ցավերի կրկնապատկմանը: Նիկոլայ Բաղդասարայանը Կարեն Անդրեասյանին ուղղված դիմումում նշել է, որ քննիչը Վ. Պետրոսյանին դատարան տեղափոխել է բոլորի կամքին հակառակ:
«ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից իրականացված անմարդկային գործողությունների հետևանքով Վ. Պետրոսյանը ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի»,- ասված է պաշտպանի դիմումում:
Փաստաբանի խոսքով՝ քննիչ Հայկ Հակոբյանը խախտել է ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, ինչն էլ ծանր հետևանքներ է առաջացրել Վարդան Պետրոսյանի համար:
Ըստ փաստաբանի դիմում-բողոքի՝ «սույն գործով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը իր գործողություններով դիտավորյալ Վ. Պետրոսյանին ենթարկել է ֆիզիկական կամ հոգեկան տանջանքների, ստացիոնար բուժման կարիք ունեցող անձին բերման է ենթարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, այլ կերպ ասաց ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը իր գործողություններով Վարդան Պետրոսյանի նկատմամբ դրսևորել է անմարդկային վերաբերմունք»:
Նիկոլայ Բաղդասարյանը Կարեն Անդրեասյանին խնդրել է արձանագրել Վարդան Պետրոսյանի իրավունքների խախտման փաստը: Նշենք, որ Նիկոլայ Բաղդասարյանը ավելի վաղ նորից դիմել էր Կարեն Անդրեասյանին և խնդրել նրա միջամտությունը քրեական գործին օրինական ընթացք տալու և՝ Վ. Պետրոսյանի խախտված իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար: