ՌԴ-ը դեմ չէ Ուկրաինայի եվրաինտեգրմանը, սակայն դեմ է ՆԱՏՕ-ին նրա անդամակցելուն. Պուտին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ չէ Եվրոպայի հետ ինտեգրվելու վերաբերյալ Ուկրաինայի ինքնիշխան ընտրությանը, սակայն բացարձակապես դեմ կլիներ Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելուն.
«Մենք դեմ չենք Ուկրաինայի ինքնիշխան ընտրությանը, ինչպիսին էլ որ լինի այն: Մենք խոսում ենք կատարելապես այլ բանի մասին: Եթե մեզ ասեն, որ Ուկրաինան մտնում է ՆԱՏՕ-ի մեջ, այդ ժամանակ մենք իսկապես կլինենք դեմ, որովհետև մեր սահմաններին ռազմական դաշինքի ենթակառուցվածքների մոտեցումը մեզ համար ներկայացնում է որոշակի վտանգ: Տնտեսական միավորումները որևէ վտանգ չեն պարունակում երկրի պաշտպանունակության տեսանկյունից»:
Պուտինը հերթական անգամ հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ ունի բաց շուկա, և եթե Ուկրաինան իր դարպասները բացի ԵՄ-ի առջև, ապա իրենք չեն կարող Ուկրաինայի հետ լայն դարպասները թողնել այնպես, ինչպես որ ներկայումս է:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի կառավարությունը որոշել է կասեցնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական գործընթացը, և փոխարենը ակտիվացնել Ռուսաստանի և Մաքսային միության մյուս երկրների հետ իր կապերը: