Վրաստանի նոր կառավարությունը ձեռնամուխ է եղել իր գործառույթների կատարմանը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ստորագրել է նոր նախարարների նշանակման հրամանը, ինչից հետո գործող օրենսդրության համաձայն, նոր կառավարությունը ձեռնամուխ է եղել իր գործառույթների կատարմանը:
Երեկ երեկոյան Վրաստանի խորհրդարանը վստահություն էր հայտնել Գարիբաշվիլիի գլխավորած կառավարությանը՝ բաղկացած 16 նախարարից ու 3 պետնախարարից, և կառավարության ծրագրին: Դրանից քիչ անց Վրաստանի նորընտիր նախագահը հրաման էր ստորագրել Իրակլի Գարիբաշվիլիին երկրի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին, որը մեկ տարի զբաղեցրել է Բիձինա Իվանիշվիլին:
Վրաստանի վարչապետի պաշտոնում իր աշխատանքային առաջին օրվա ընթացքում Գարիբաշվիլին ստորագրել է Նախարարների կաբինետի անդամների նշանակման հրամանը: Վրաստանի կառավարության կազմը գրեթե չի ենթարկվել փոփոխության: Գարիբաշվիլիի կողմից ներքին գործերի նախարարի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո այդ պաշտոնը զբաղեցրել է Ալեքսանդր (Լեքսո) Չիկաիձեն: